Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր 2025թ.

Ինչպես «դասական» անեկդոտներից մեկի մեջ է ասվում՝ բան չի փոխվել, ուղղակի թղթաբանությունն է շատացել: Շատանում է թղթաբանությունը նաև ՀՀ քաղաքացիների համար. 2025թ. ՀՀ քաղաքացիների շատ մեծ մի խումբ պարտավորված կլինի ներկայացնել եկամուտների հայտարարագիր: «Բարեփոխումն» ընթանում է փուլերով, բայց հիմա հասել է ամենամասշտաբային փուլերից մեկը, ու հնարավոր է՝ մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեք նաև ԴՈՒՔ: How2B-ի այս հոդվածում կօգնենք պարզել՝ արդյո՞ք դա Ձեզ վերաբերում է, թե՞ դեռ ոչ, ինչպե՞ս կատարել եկամուտների հայտարարագրումը, ինչպե՞ս պետությունից ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցումներ, և, ընդհանրապես, ինչպե՞ս հանգիստ ապրել այս ամենի հետ։ 

Ովքե՞ր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

2025 թվականից սկսած եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնել պարտավոր են հետևյալ 6 խմբերի քաղաքացիները․

  • Վարձու աշխատողները — 2024թ․ վարձու աշխատող համարված ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները,
  • Քաղիրավական պայմանագրով աշխատողները — 2024թ․ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները,
  • Պետական ծառայողները — 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,
  • Ընկերությունների սեփականատերերը ՀՀ-ում գործող ընկերություններում 20% և ավել մասնաբաժին ունեցող, և այդ ընկերությունների իրական շահառու հանդիսացող ՀՀ քաղաքացիները։ Անհատ ձեռնարկատերերը այս ցանկում չեն մտնում, և այս կետով եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն,
  • Փոխառություն ստացած քաղաքացիները — 2024թ․ ոչ ֆինանսաբանկային կառույցներից 20 մլն դրամ և ավել փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները,
  • 1 մլրդ+ եկամուտ ստացած ընկերությունների բոլոր սեփականատերերը 2024թ․ 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
- Advertisement -

Ինչպես նկատեցիք, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, եթե նույնիսկ աշխատում են Հայաստանում և ՀՀ ռեզիդենտ են, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Ի դեպ, եթե դեռ կասկածում եք՝ արդյո՞ք Դուք պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր, թե ոչ, կարող եք ճշտել այստեղ։ 

Ըստ որոշ գնահատականների՝ բոլոր այս խմբերը միասին 2025 թվականին եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ավելի քան 700 000 ՀՀ քաղաքացի, իսկ հաջորդ տարի արդեն հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլորը։

Ի՞նչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ունենալ մի քանի փաստաթուղթ, որոնք նախկինում էլ կարող էիք ունենալ, բայց հիմա արդեն ստիպված եք լինելու դա անել։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար

  • Նույնականացման քարտ
  • Ակտիվացված թվային ստորագրություն
  • ՀՎՀՀ

Նույնականացման քարտ․ Եթե չունեք նույնականացման, նույն ինքն է՝ ID քարտ, ստանալու համար անհրաժեշտ է հերթագրվել և այցելել անձնագրային բաժին, ընդ որում՝ դա անել հնարավորինս շուտ, որովհետև այստեղ շատ մեծ ծանրաբեռնվածություն է սպասվում։

Թվային ստորագրություն․ Սա ստանալու համար տարբերակները երկուսն են՝ կախված Ձեր նույնականացման քարտից․

  • mID տարբերակով ակտիվացում

Անհրաժեշտ է այցելել բջջային օպերատորի սպասարկման կենտրոն և փոխարինել ձեր SIM քարտը ID SIM քարտով, այնուհետև բջջային օպերատորի միջոցով էլեկտրոնային ստորագրության ծառայություն ակտիվացնել։ Համապատասխան ծառայությունը վճարովի է, որի արժեքը տարբեր է՝ կախված բջջային օպերատորից։ 

  • eID տարբերակով ակտիվացում

Եթե Ձեր նույնականացման քարտը չիպ է պարունակում (նման նույանկանացման քարտեր տրամադրվել են մինչև 2023թ․-ի փետրվարի 15-ը), ապա այն արդեն ունի էլեկտրոնային ստորագրություն։ Պետք է ունենալ համապատասխան ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (այս ծառայության համար սահմանված արժեքը՝ 3000 դրամ, 2025 թվականի համար չեղարկվել է)։ Բայց, եթե չեք հիշում Ձեր գաղտնաբառը, ապա պետք է ակտիվացնել ստորագրություն առաջին՝ mID տարբերակով։

ՀՎՀՀ․ Եթե չունեք հարկ վճարողի հաշվի համար (ՀՎՀՀ), ապա դա կարող եք անել՝ այցելելով Պետական եկամուտների կոմիտեի սպասարկման կենտրոններ, կամ դա անել առցանց՝ հայտարարագրման համար նախատեսված համակարգ մուտք գործելիս։ 

Մուտք համակարգ․ Եկամուտների հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ այցելելով self-portal.taxservice.am ։ Ինչպես նշել էինք վերևում, եթե չունեք ՀՎՀՀ, ապա այն կարող եք ստանալ այստեղ, որից հետո միայն կանցնենք հայտարարագրման հատված։

Լրացնել հայտարարագիրը․ Անհրաժեշտ է հայտարարագրում ներառել 2024 թվականի ընթացքում Ձեր ունեցած եկամուտները։ Լավն այն է, որ Ձեր գրանցված աշխատավարձից եկամուտները ավտոմատ կերպով արդեն լրացված են, ու պետք է ընդամենը ստուգել դրանք, եթե սխալ են՝ ճշգրտել։ Իսկ ահա Ձեր մյուս եկամուտները պետք է մուտքագրել ինքնուրույն՝ նշելով եկամուտների չափը և տեսակը համապատասխան դաշտերում։ Ձեր եկամուտների մասին տեղեկատվությունը կարող եք վերցնել Ձեր բանկային հաշվի կամ այլ ֆինանսաբանկային ծառայությունների քաղվածքներից, որոնցով եկամուտ եք ստացել։ Հաշվետվությունը լրացնելուց հետո անհրաժեշտ է այն ստորագրել և հաստատել։ 

Ըստ ՊԵԿ-ի վերջին որոշման, Ձեր ստացած անձնական փոխանցումները, նվիրատվությունները պետք է հայտարարագրել միայն այն դեպքում, եթե դրանք կազմում են 300․000 դրամ և ավել, իսկ ավելի փոքր գումարով նվազեցվող եկամուտները հայտարարագրելու կարիք չկա։ Բայց կարևոր է հիշել, որ սա վերաբերում է միայն անձնական փոխանցումներին, իսկ եթե Դուք ստացել եք փոխանցում հարկման ենթակա գործունեության, օրինակ՝ գույքի վարձակալությամբ տալու կամ ծառայություն մատուցելու դիմաց, ապա այդ եկամուտը պետք է հայտարարել անկախ գործարքի գումարի չափից։

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված եկամուտների հայտարարագիր չներկայացնելու դեպքում

2024թ․ եկամուտների հայտարարագիրը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025թ․ նոյեմբերի 1-ը (նախապես սահմանված ժամկետը մայիսի 1-ից հետաձգվեց 6 ամսով)։ 

Եթե այս ժամկետում չհանձնեք եկամուտների հայտարարագիրը, ապա

  • Կստանաք նախազգուշացում,
  • Նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում կտուգանվեք 5000-50000 դրամով,
  • Տուգանվելուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում կտուգանվեք մինչև 100000 դրամով։ 

Կարդացե՛ք նաև՝

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում պետությունից՝ սոցիալական ծախսերի համար

Եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի տեսական հիմնավորումներից մեկն այն է, որ ստանալով բոլորի եկամուտների ավելի հստակ պատկերը՝ պետությունը կկարողանա առավել արդյունավետ կատարել սոցիալական հատկացումները դրանց կարիքն ունեցող մարդկանց։ Առայժմ պետությունը «առատաձեռն» չէ, բայց նույնիսկ հիմա հնարավոր է ստանալ երկու տեսակի սոցիալական ծախսերի փոխհատուցում․

  • Առողջության ապահովագրության ծախսի փոխհատուցում մինչև 50,000 դրամի չափով, եթե ապահովագրումը կատարվել է ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերության կողմից, 
  • Կրթական ծախսերի փոխհատուցում մինչև 100,000 դրամի չափով, ինչը կարող է ներառել Ձեր և Ձեր երեխաների նախադպրոցական, դպրոցական, բուհական կրթության ծախսերը, բայց միայն ԿԳՄՍ-ի կողմից հաստատված պետական կրթական հաստատություններում։

Նշված երկու դեպքերում էլ փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝ ներկայացնելով տվյալ հաստատությունների կողմից գրված հաշիվը։ 

Եթե Դուք կատարեք էլ նշված երկու ծախսերից էլ, ապա փոխհատուցման ընդհանուր գումարը, միևնույն է, չի կարող գերազանցել 100,000 դրամը։ Քանի որ այս փոխհատուցումը փաստացի Ձեր վճարած եկամտային հարկի վերադարձն է, ապա փոխհատուցում, հնարավոր է, չստանաք, եթե օգտվում եք նաև հիփոթեքային վարկերի եկամտային հարկի վերադարձի ծրագրից, և այդ ծրագրով Ձեր վճարած ամբողջ եկամտային հարկը հետ եք ստանում։ 

Ինչպե՞ս խուճապի չմատնվել եկամուտների հայտարարագրումից

Խուճապի առաջին աղբյուրը գալիս է նրանից, որ հանրությունը բավականաչափ իրազեկված չէ, թե ինչի համար է արվում այս ամենը, ու ինչպես է օգտագործվելու իրենց ֆինանսական տեղեկատվությունը։ «Կարելիների» և «Չի կարելիների» ցանկը շատ մշուշոտ է, որովհետև դրանք մեկ ուղիղ կարգավորում չունեն, այլ օրենսդրական բարդ ձևակերպումների կծիկի վերահսկման դաշտում են։ Արդյունքում, մարդիկ հիմա չգիտեն՝ արդյո՞ք կարելի է գործընկերոջ քարտին գումար փոխանցել ընդմիջում պատվիրելու համար, ու նմանատիպ հազարավոր հարցեր։ 

Խուճապի չմատնվելու համար հիշեք մի քանի պարզ բան․

  • Դուք հայտարարագրում եք միայն Ձեր եկամուտները, իսկ ահա ծախսերը, և մինչև այդ Ձեր ունեցվածքը հայտարարագրման ենթակա չէ,
  • Հայտարարագիրն ինքնին որևէ նոր հարկատեսակ չի ավելացնում, այն ուղղակի ՊԵԿ-ին տալիս է եկամուտների վերաբերյալ առավել ամբողջական պատկեր,
  • Եթե Ձեզ գումար են փոխանցել Ձեր մտերիմները՝ պարտքով են տվել, կամ պարտք են վերադարձել, կամ ուղղակի տվել են՝ առօրյա ծախսերի համար, դա չի հարկվում։ Ուղղակի հիշեք ճիշտ բառը՝ նվիրատվություն։
  • Բայց եթե Դուք ունեք որևէ բիզնես գործունեություն (օրինակ՝ օնլայն ձեռք բերված հագուստ եք վաճառում), ինչ-որ ծառայություն եք մատուցում (օրինակ՝ համակարգիչներ եք վերանորոգում), ու այս գործունեության դիմաց հաճախորդներին խնդրում եք գումարը քարտով փոխանցել, ապա դա արդեն հարկվող եկամուտ է, որի հիմար միշտ էլ պարտավոր էիք հարկ վճարել։ Նախկինում ՊԵԿ-ը չէր տեսնում Ձեր այդ եկամուտները, իսկ հիմա այդ փոխանցումները կարտացոլվեն հայտարարագրում, ու հնարավոր է՝ ՊԵԿ-ը հետաքրքրվի դրանցով։ 

Իսկ հանրային դժգոհությունների մյուս պատճառը այս գործընթացի հետ կապված քաշքշուկն է։ Պետք է նշել, որ նախորդ տարիներին արդեն իսկ տասնյակ հազարավոր մարդիկ ներկայացրել են եկամուտների հայտարարագիր, բայց քանի որ նրանց թիվը շատ մեծ չի եղել, հանրային նման խուճախ չի եղել։ 

Գործընթացը բարդ մաթեմատիկա չէ, բայց մի կողմից ժամանակատար է, քանի որ միգուցե ստիպված լինեք մի քանի հաստատություն այցելել, մյուս կողմից էլ պահանջում է ֆինանսական գրագիտության որոշակի մակարդակ, հաշվապահական տերմինների իմացություն և այլն։ Հաշվարկվել է, որ այս ամբողջ քաշքշուկը Ձեզանից կարող է խլել մեկ ամբողջ օր։ Մյուս կողմից էլ, արդեն իսկ կան մասնագիտացված կառույցներ, որոնք կարող են դա կազմակերպել շատ արագ ու հարմարավետ՝ զերծ պահելով գլխացավանքից։ 

Թեմայի վերաբերյալ կարող եք դիտել նաև Ֆինանսական բանականության էպիզոդը․

Կարդացե՛ք նաև՝

Տեղեկատվությունը թարմացված է 04.02.2025 դրությամբ:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր 2025թ.
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: