Չինացի գիտնականները մշակել են հեղափոխական նոր բժշկական նյութ՝ «Bone-02» անվանումով, որը թույլ է տալիս բուժել ոսկրային կոտրվածքները առանց վիրահատության՝ ընդամենը մի քանի րոպեում։
Ըստ Global Times-ի` նորարարական այս «ոսկրային սոսինձը» մշակվել է չինական հետազոտական խմբի կողմից՝ նպատակ ունենալով կրճատել օրթոպեդիկ վնասվածքների բուժման և վերականգնման երկարատև ընթացքը։
Հանչժոուի «Սըր Ռան Ռան Շոու» հիվանդանոցի գլխավոր օրթոպեդ վիրաբույժի տեղակալ Լին Սիանֆենգը նշել է, որ նյութը կարող է ապահովել հուսալի ֆիքսացիա նույնիսկ արյունոտ միջավայրում՝ ընդամենը մի քանի րոպեում։
Հաղորդվում է, որ բուժման գործընթացը կատարվում է մեկ ներարկման միջոցով, որը «կպչում» է կոտրված ոսկորի բեկորներին շուրջ երեք րոպեում։ Փորձարկման ընթացքում դաստակի կոտրվածք ունեցող հիվանդը ստացել է ընդամենը 3 սանտիմետր կտրվածքով ներարկում և ապաքինվել է առանց բարդությունների։ Ավանդական մեթոդներով նման վնասվածքը կպահանջեր մետաղական թիթեղների և պտուտակների տեղադրում, ինչպես նաև երկրորդ վիրահատություն՝ դրանք հեռացնելու համար։
Երեքամսյա հետազոտությունից հետո արձանագրվել է լիարժեք ապաքինում՝ առանց վարակների կամ բարդությունների։
Հետազոտողներին ոգեշնչել են ծովային խեցեմորթերը, մասնավորապես՝ ոստրեները, որոնք ունակ են ամուր կպչել խոնավ և աղի միջավայրերում։ Այդ բնական մոդելը հիմք է դարձել սոսինձի բաղադրության համար, որը դիմացկուն է ճնշման, էրոզիայի և շարժման նկատմամբ։
Նյութի ստեղծողների խոսքով՝ «Bone-02»-ը ցուցաբերել է ավելի քան 400 ֆունտ կպչունության ուժ և կարողանում է ներծծվել օրգանիզմի կողմից՝ զուգահեռ ոսկորի ապաքինմանը։ Սա վերացնում է երկրորդ վիրահատության անհրաժեշտությունը՝ իմպլանտները հեռացնելու համար։
Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ այս մեթոդը ոչ միայն արագացնում է բուժման գործընթացը, այլև նվազեցնում է վարակների ռիսկը՝ դարձնելով այն մեծ առաջընթաց օրթոպեդիկ բժշկության ոլորտում։