ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները. ի՞նչ է սպասվում

Վերջին լուրերը
ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները. ի՞նչ է սպասվում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի տնտեսությունը շարունակում է դրսևորել կայուն աճի միտումներ, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է իր կանխատեսումները՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ 2024 թվականի համար պահպանվել է 6% տնտեսական աճի կանխատեսումը, մինչդեռ 2025 թվականի ցուցանիշը նվազեցվել է՝ նախկին 5.2%-ի փոխարեն կազմելով 4.9%։ 

«Կովկաս և Կենտրոնական Ասիա. տնտեսական հեռանկարներ և քաղաքական մարտահրավերներ» զեկույցին նվիրված միջոցառման ընթացքում ԱՄՀ-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ նման փոփոխությունը պայմանավորված է տնտեսության աճի տեմպերի աստիճանական նորմալացմամբ։ Նշվել է, որ ծառայությունների ոլորտը, առևտուրը և շինարարությունը, որոնք հանդիսացել են աճի հիմնական շարժիչ ուժերը, թեև դանդաղում են արձանագրում, սակայն շարունակում են մնալ տնտեսական զարգացման առանցքային ոլորտներ։ 

Կանխատեսման վերանայման վրա ազդեցություն է ունեցել նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված անորոշությունը։ ԱՄՀ-ն նախկինում ենթադրում էր, որ հանքավայրը կգործարկվի, սակայն ծրագրերի փոփոխության պատճառով ստիպված է եղել վերանայել իր հաշվարկները։ Հեռանկարային զարգացումների առումով ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2026 թվականին տնտեսական աճը կկազմի 4.5%՝ պահպանվելով այդ մակարդակում մինչև 2029 թվականը։ 

Միաժամանակ, եթե իրականացվեն անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումներ, բարձրանա աշխատուժի ներգրավվածության մակարդակը և բարելավվի ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, ապա մինչև 2028 թվականը տնտեսական աճի ներուժը կարող է հասնել 5.5%-ի։ 

Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2024 թվականի վերջին այն կկազմի 0.2%, իսկ 2025 թվականին կհասնի 3.1%-ի։ Տարածաշրջանային համեմատականում Հայաստանի ցուցանիշները բավական լավատեսական են։ Օրինակ՝ 2024 թվականին Վրաստանում կանխատեսվում է 7.6% աճ, Իրանում՝ 3.7%, իսկ Ադրբեջանում՝ 3.2%։ ԵԱՏՄ երկրներից Ղրղզստանում սպասվում է 6.5% աճ, Ղազախստանում՝ 3.5%, իսկ Ռուսաստանում՝ 3.8%։

ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները. ի՞նչ է սպասվում
Համաշխարհային տնտեսական հեռանկարների կանխատեսումներ (Իրական ՀՆԱ-ի աճը, տարեկան տոկոսային փոփոխություն)
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները