Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2026 թվականի մայիս ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունն ու շուկայական բարձր ակտիվությունը։
Պետական և կորպորատիվ պարտատոմսերի շուկա
Մայիսին պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 38․1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս։ Երկրորդային շուկայում իրականացվել է 53 գործարք՝ ավելի քան 8․3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է կայուն աճ։ Առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41%-ով՝ կազմելով ավելի քան 11․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1,500 գործարք՝ մայիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 209 կորպորատիվ պարտատոմսերով։
Բաժնետոմսերի և ՌԵՊՈ շուկաներ
Բաժնետոմսերի շուկայում արձանագրվել է աննախադեպ ակտիվություն.
- Առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2․1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 960%-ով։
- Շուկայի կապիտալիզացիան հասել է ավելի քան 478.8 մլրդ ՀՀ դրամի՝ գրանցելով 27․4% աճ։
- Ամսվա ընթացքում բաժնետոմսերով կնքվել է ընդհանուր առմամբ 153 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 19.8 մլրդ ՀՀ դրամ: Մայիսին կնքվել է 182 ռեպո գործարք, ինչը 221%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Արտարժույթի շուկա
Արտարժույթի շուկայում մայիսին իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 11 գործարք, որոնց ընդհանուր ծավալը գերազանցել է 1․4 մլրդ ՀՀ դրամը։ Ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ձևավորվել է 368-ից 368․60 դրամի միջակայքում։












