Հոկտեմբերի 15-ին Apple ընկերության բաժնետոմսերի (AAPL) գինը իրենց արժեքի նոր ռեկորդ է գրանցել՝ NASDAQ բորսայում հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 237.49 ԱՄՆ դոլարի:
Apple Inc.-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը՝ 3,55 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով: Առևտրային օրը AAPL-ը փակել է 233.85 ԱՄՆ դոլար արժեքով:
Բաժնետոմսերի գնի աճը կապվում է նոր, թարմացված iPad mini-ի ներկայացման հետ, որը հագեցած է արագագործ A17 Pro չիպով, Apple Pencil-ի ընդլայնված հնարավորություններով և Wi-Fi 6E կապի տեխնոլոգիայով: Նոր սարքում, որը ներկայացված է 4 տարբեր գույներով, հասանելի է լինելու նաև Apple Intelligence տեխնոլոգիան:
Apple-ը տարվա սկզբից գրանցել է բաժնետոմսերի գնի շուրջ 21% տպավորիչ աճ, ինչը փաստում է, որ ներդրողները ամուր հավատ ունեն տեխնոլոգիական գիգանտի ապագա աճի նկատմամբ: Ընկերությունն առանձնանում է ֆինանսական կայուն ցուցանիշներով, նորարարական արտադրանքի տեսականիով և պահանջարկի չնվազող մակարդակով:
Հոկտեմբերի 15-ի ընթացքում մի շարք ընկերությունների բաժնետոմսեր հասել են իրենց պատմական առավելագույնին, մասնավորապես՝ Walmart (WMT), Goldman Sachs (GS), McDonald’s (MCD), American Express (AXP), Mastercard (MA), Morgan Stanley (MS), Home Depot (HD), IBM (IBM), Booking (BKNG):