Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) տեղեկացնում են, որ 2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար պետք է իրականացնեն անձի նույնականացում և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Համակարգը ներդրվելու է «Ես եմ» hարթակում, որտեղ անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Բջջային հեռախոսի միջոցով (mID) մուտք գործելու համար անհրաժեշտ է՝
- Նույնականացման քարտով (չունենալու դեպքում՝ կարող եք ձեռք բերել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից) և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն:
- Բջջային կապի օպերատորի սպասարկման կենտրոնում բջջային հեռախոսահամարի քարտը փոխարինել նոր ID SIM քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ տեղադրել նոր քարտ, այնուհետև սպասարկող անձնակազմի օգնությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
- Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ այստեղ։
Քայլերի հաջորդականության վերաբերյալ ուղեցույց
Նույնականացման քարտի (eID) տարբերակով մուտք գործելու համար անհրաժեշտ է՝
- ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր: Եթե քաղաքացին չի պահպանել ծածկագրերը, ապա նույնականացման գործընթացը կարող է իրականացնել միայն բջջային հեռախոսի միջոցով՝ mID տարբերակով։
- Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասներն՝այստեղ)։
- Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Քայլերի հաջորդականության վերաբերյալ ուղեցույց
Նշված տարբերակներից մեկով արդեն գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվի:
Ովքե՞ր պետք է ներկայացնեն հայտարարագիր
Հիշեցնենք, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝
- 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
- 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
- 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Կարդացեք նաև՝
- Հայաստանում կստեղծվի «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն»
- Հայ հիմնադիր ունեցող Lago-ն $22 մլն ներդրում է ներգրավել
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: