Հայաստանում կհիմնվի 18 հեռավար գիտական լաբորատորիա՝ 5 տարվա երաշխավորված ֆինանսավորմամբ, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ-ն:
Նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:
Մրցույթի արդյունքում ընտրվել է 18 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է հինգ տարվա կտրվածքով տրամադրել մինչև 152,5 միլիոն ՀՀ դրամ:
Թեմաների ղեկավարներն արտերկրում բնակվող բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնք պատրաստ են իրականացնել իրենց հավակնոտ հետազոտական գաղափարները՝ ստեղծելով և ղեկավարելով նոր հետազոտական խմբեր Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում:
«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթը լինելու է պարբերական. հաջորդ շրջափուլի մասին հայտարարությունը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։