Մարկ Ցուկերբերգը վերջին երկու ամսվա ընթացքում մոտ 428 մլն դոլար արժողությամբ Meta-ի բաժնետոմսեր է վաճառել, հայտնում է Bloomberg-ը։ Ըստ հրապարակման՝ գործարարը բաժնետոմսերը վաճառել է ամեն առևտրային օր՝ նոյեմբերի 1-ից սկսած մինչև տարեվերջ։ Մինչ այս Ցուկերբերգը Meta-ի բաժնետոմսերը չէր վաճառել 2021 թվականի նոյեմբերից։
Միջին հաշվով յուրաքանչյուր վաճառք նրան բերել է 10,4 միլիոն դոլար, իսկ ամենամեծը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին, որը Meta-ի սեփականատիրոջը բերել է 17,1 միլիոն դոլար։
Միայն նոյեմբերին Ցուկերբերգը վաճառել է Meta-ի 682 հազար բաժնետոմս՝ 185 մլն դոլարով:
Ցուկերբերգի՝ բաժնետոմսերի մասսայական վաճառքի որոշումը Bloomberg-ը բացատրում է նրանով, որ վերջին տարվա ընթացքում գնանշումները զգալիորեն աճել են և այժմ գտնվում են 2021-ին գրանցված առավելագույնին մոտ մակարդակում։
Bloomberg-ը Ցուկերբերգի ընդհանուր կարողությունը գնահատում է 125 միլիարդ դոլար՝ նրան դասելով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի յոթերորդ տեղը, իսկ Forbes-ի փորձագետները իրական ժամանակում Ցուկերբերգի կապիտալը գնահատում են 122 միլիարդ դոլար և նրանց հաշվարկներով նա հինգերորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։
Բաժնետոմսերում և այլ արժեթղթերում ներդրումների մանրամասներին կարող եք ծանոթանալ How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում: