Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։
Համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», հանդիսանալով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։
Քանի որ սոցիալական ցանցերում այս լուրի առնչությամբ տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում, և շատերը հարցադրումներ ունեն հնարավոր ռիսկերի վերաբերյալ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում անդրադարձել է թեմային։
Ըստ Մարտիրոսյանի՝ «Թիմ Տելեկոմի» և «Ազերտելեկոմի» թրաֆիկի տարանցման պայմանագիրն ունի դրական կողմեր։
«Լավ մասեր ունի էս ամեն ինչը. նախ նշված ա հայտարարության մեջ, որ կոմերցիոն հիմունքներով է, այսինքն զուտ տարանցիկ թրաֆիկի վաճառքի մասին է խոսքը, հետո՝ իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում հենց Նախիջևանի հետ ու Մերձավոր Արևելքի հետ կապի տեսանկյունից»,- գրել է Մարտիրոսյանը՝ տեսանյութում հավելելով, որ ինչ-որ տեղ մենք էլ ենք ալտերնատիվ ենթակառուցվածք ստեղծում՝ միայն Վրաստանից կախվածության մեջ չլինելու մասով։












