Ամուսնությունը, երեխայի ծնունդն ու անգամ ամուսնալուծությունը հնարավոր կլինի գրանցել օնլայն

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում քաղաքացիները կարող են առանց տանից դուրս գալու՝ առցանց գրանցել երեխայի ծնունդը, իրենց ամուսնությունը կամ ամուսնալուծությունը, ինչպես նաև ներկայացնել հայտ՝ անվանափոխության համար։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատանքը գրեթե ամբողջությամբ թվայնացված է։

Նախարարի խոսքով՝ նոր համակարգը թույլ է տալիս քաղաքացիներին ոչ միայն օգտվել ծառայություններից առցանց, այլև օգնել ԶԱԳՍ մարմիններին թվայնացնել իրենց փաստաթղթերը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել համապատասխան կայք, ընտրել անհրաժեշտ փաստաթուղթը և ստանալ այն էլեկտրոնային տարբերակով։

Գալյանը մանրամասնել է, որ երեխայի ծննդյան օնլայն գրանցման դեպքում ապահովվել է փոխգործելիություն ինչպես «Արմեդ» բժշկական համակարգի, այնպես էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունների հարթակի հետ։ Բժշկական տեղեկանքը ավտոմատ կերպով ներբեռնվում է համակարգում, ծնողները կարող են ընտրել երեխայի անունն ու ազգանունը և անմիջապես ստանալ ծննդյան վկայականի էլեկտրոնային տարբերակը։

«Մենք դեռ չենք սկսել հանրային իրազեկման արշավը, բայց առաջիկայում այն կիրականացնենք, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ տեղեկանան այս հնարավորությունների մասին»,– նշել է նախարարը։

Նա նաև հայտնել է, որ արդարադատության նախարարությունը շարունակում է պետական ծառայությունների թվայնացման լայն գործընթացը։ Շուտով քաղաքացիները կկարողանան օնլայն գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, իսկ նոր պետական ռեգիստրի թվային հարթակի գործարկումից հետո հնարավոր կլինի առցանց ձևով գրանցել նաև իրավաբանական անձանց։

Այս բարեփոխումները, ըստ նախարարի, միտված են կրճատելու բյուրոկրատիան և քաղաքացիներին հնարավորություն տալու՝ պետական ծառայություններից օգտվելու առավել արագ, հարմար և թափանցիկ ձևով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները