Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ԵՊՀ 85-րդ պատվավոր դոկտորն է։
Պատվավոր դոկտորի կոչումն ինձ համար մեծ ուրախություն ու հպարտություն է։
«ԵՊՀ-ում առաջին անգամ եմ, հույս ունեմ, որ գործակցություն կսկսենք ու կզարգացնենք այն: Աշխարհի տարբեր ծայրերում եմ եղել ես ու դեռ չեմ տեսել մի երկիր, որը բավարար միջոցներ ունենա կրթական ոլորտը զարգացնելու համար՝ լինի Ռուսստանը, Չինաստանը, թե Ամերիկան: Ռեսուրսները միշտ էլ չեն բավարարում, ուստի անհրաժեշտ է երկու բան՝ կամ եղած ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել, կամ ռեսուրսներ աճեցնել»,-ասաց Աֆեյանը:
ԵՊՀ-ում բացվեց YSU-Krisp AI Lab գիտակրթական հետազոտական կենտրոնը
Նրա խոսքով՝ ռեսուրսներն աճեցնելու համար, պետք է տնտեսությունը զարգացնել, կամ դրսից օգնության սպասել: Դոկտոր Աֆեյանը կարծում է, որ Հայաստանի պարագայում պետք է բոլոր ուղղություններով աշխատել եւ վստահ լինել հաջողության հասնելու մեջ:
Մեր նավթի պաշարը մեր ինտելեկտուալ ռեսուրսն է:
«22 տարի առաջ եմ առաջին անգամ եկել Հայաստան ու մինչև այսօր բազմիցս լսում եմ, որ մեր հարեւաններն ունեն նավթ, այդ իսկ պատճառով զարգանում են: Կարծում եմ, որ սա այնքան էլ ճիշտ պնդում չէ։ Մեր արեւելյան հարեւաններն ունեն նավթ, դրան համարժեք, մենք ունենք մտավոր կարողություն՝ մեր ուղեղը, հայկական բանականությունը, որը կարող ենք արդյունահանել»,- ասաց Նուբար Աֆեյանը:
Ըստ Աֆեյանի՝ մենք ունենք արդյունահանվող ռեսուրս, բայց մասամբ կրթության, մասամբ համագործակցել չկարողանալու, մեր ուժերին չհավատալու պատճառով, չենք կարողանում օգտագործել այն։ Մեր նավթի պաշարները՝ մեր ինտելեկտուալ ռեսուրսը, ամբողջ աշխարհում է՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, այն մեր գլխում է, եւ պետք է ճանապարհ գտնենք այդ ռեսուրսը դուրս բերելու։
Հայաստանի ապագան կախված է կառավարության եւ մասնավորի միջեւ գործակցությունից:
Կարծում եմ, որ Հայաստանի ապագան կախված է կառավարության եւ մասնավորի միջեւ համագործակցությունից։ Եթե այդ համագործակցությունը չլինի, վախենամ, թե մենք կնմանվենք բոլոր այն երկրներին, որոնք փոքր են ու բավականին ռեսուրս չունեն։ Պետք է գտնենք միմյանց վստահելու եւ աջակցելու ձեւը։ Դա իմ երազանքն է։
Նրա խոսքով, ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, և նույնիսկ առանց առաջարկի պետք է նայել այն առաջնահերթություններին, որոնք մենք որդեգրել էինք անցյալի համար, որոնք թեև ճիշտ էին, բայց՝ փոփոխության արժանի:
«Պետք է հասկանանք, պետք է լսենք դրսի փորձագետներին և հասկանանք, թե որ ապագան ենք ցանկանում ստեղծել այս երկրի համար և աշխատենք այդ ուղղությամբ»,- ընդգծեց Աֆեյանը:
Նրա խոսքով, առողջապահության, զբոսաշրջության և բազմաթիվ այլ ոլորտներում կարող ենք կապեր ստեղծել աշխարհի հետ, ու դառնանք մի կենտրոն՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի համար:
«Այսինքն՝ տարբեր ուղղություններով հոսանքների մի կենտրոն դառնանք: Առաջ մտածում էինք՝ մենք չենք կարող, մենք փոքր երկիր ենք, և այլն, բայց այն երկրները, որ կարողացել են, իրենց պատկերացրել ենք շատ ավելի հզոր երկիր, մեծ երկիր են և դարձել են այդ մեծ երկիրը: Նույնը մեր մոտ պետք է լինի, եթե ունենանք կամք և ապագայի հանդեպ որոշ հարգանք, ապա միանշանակ կունենանք զարգացած երկիր ու տնտեսություն, պետք չէ ներկայով զբաղվելու ժամանակ ապագան հետաձգել», – եզրափակեց Աֆեյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։