Հուլիսի 1-ից Հայաստանում կգործեն ապրանքների պարտադիր երաշխիքներ՝ ԵՄ ստանդարտներով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսվարողներին է ներկայացրել սպառողների իրավունքների պաշտպանության նոր օրենսդրական նորմերը, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հուլիսի 1-ից: Այս կանոնները մշակվել են Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Նոր կարգավորումներով նոր ապրանքների համար սահմանվում է նվազագույնը երկու տարվա երաշխիքային ժամկետ, իսկ օգտագործվածների համար՝ առնվազն մեկ տարի: Ընդ որում, վաճառողը պարտավոր է գնորդին տրամադրել ամբողջական տեղեկատվություն օգտագործված ապրանքի բոլոր թերությունների մասին:

Եթե երաշխիքային ժամկետում հայտնաբերվում է անհամապատասխանություն, սպառողն իրավունք ունի երկու ամսվա ընթացքում պահանջել անվճար վերանորոգում, փոխարինում համանման ապրանքով, գնի համաչափ նվազեցում կամ պայմանագրի լուծում՝ գումարի վերադարձով: Վերանորոգման առավելագույն ժամկետը 20 օր է, իսկ անհնարինության դեպքում կարող է սահմանվել այլ ողջամիտ ժամկետ՝ այդ մասին սպառողին նախապես հստակ տեղեկացնելով։ Ապրանքի փոխարինումն իրականացվում է յոթ օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում՝ մինչև 20 օր, ընդ որում՝ տրամադրվող ապրանքը պետք է լինի նոր, իսկ դրա երաշխիքային ժամկետը սկսում է հաշվարկվել նորից։

Կարևոր փոփոխություններից է այն, որ երկարաժամկետ օգտագործման ապրանքների թե՛ փոխարինման, թե՛ վերանորոգման ժամանակ վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել ապրանք՝ ժամանակավոր օգտագործման համար: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի ներկայացուցիչները տնտեսվարողներին հորդորել են ներդնել սպառողների բողոքների ընդունման և քննարկման ընթացակարգեր: Հայտնվել է նաև, որ մշակվում է հատուկ ուղեցույց, որը բիզնեսին կօգնի նոր օրենսդրական նորմերի կիրառման գործում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները