Փարիզում անցկացվող VivaTech 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում կայացած EU4Innovation East Pitch Contest մրցույթում հայկական MedPair ստարտափը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ինը ստարտափներ, որոնք միջազգային լսարանին ներկայացրել են իրենց տեխնոլոգիական լուծումները։ Մասնակիցների նախագծերը ներառել են արհեստական բանականության, առողջապահության, կիբեռանվտանգության, կլիմայական տեխնոլոգիաների, կրթության և արդյունաբերական ավտոմատացման ոլորտները։
Հայաստանը մրցույթում ներկայացրել են Denovo Sciences, MedPair և TACTUN ստարտափները։ Մրցույթի հաղթող է ճանաչվել ուկրաինական HYDRATICO ընկերությունը, որը մշակում է աղազերծման և կեղտաջրերի մաքրման նորարարական լուծումներ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է հայկական MedPair-ը, որի հարթակն օգնում է բուժաշխատողներին խնայել ժամանակը և բարելավել հիվանդների սպասարկումը՝ ավելի արդյունավետ հաղորդակցության և կլինիկական աշխատանքային գործընթացների միջոցով։ Երրորդ հորիզոնականը բաժին է հասել մոլդովական Oto QR ստարտափին։

Հանրային քվեարկության արդյունքում հանդիսատեսի համակրանքին է արժանացել ուկրաինական Z1RO ստարտափը, որը բնական մանրաթելերից պատրաստված էկոլոգիական փաթեթավորման լուծումներ է մշակում։
Մրցույթի ժյուրիի կազմում էին Արիել Սանտեն, Ստեֆանի Պոտոկը, Ռիկարդու Մարվաոն և Ժան-Միշել Դալը։ Նրանք ընտրել են հաղթողներին՝ գնահատելով ստարտափների տեխնոլոգիական նորարարությունը, շուկայական ներուժը և հիմնադիրների տեսլականը։
EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլիեն Շմիթի խոսքով՝ մրցույթի ընթացքում առանձնացել են ոչ միայն ներկայացված լուծումների որակը, այլև հիմնադիրների նվիրվածությունն ու վճռականությունը։












