Apple-ը հայտարարել է, որ ամենամյա Worldwide Developers Conference-ը (WWDC) կանցկացվի հունիսի 8-12-ը։ Միջոցառման գլխավոր իրադարձությունը կլինի հունիսի 8-ին կայանալիք ավանդական Keynote շնորհանդեսը, որտեղ ընկերությունը կներկայացնի իր օպերացիոն համակարգերի նոր տարբերակները և առաջընթացը արհեստական բանականության ոլորտում։
WWDC-ի բացման հիմնական ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21։00-ին, իսկ Platforms State of the Union սեսիան՝ կեսգիշերին։ Այս ներկայացումներում Apple-ը կներկայացնի նոր API-ներ, գործիքներ և տեխնոլոգիաներ իր հարթակների համար։ Միջոցառման առաջին օրը Apple Park-ում կհյուրընկալվի ավելի քան հազար ծրագրավորող, դիզայներ և ուսանող՝ անձամբ մասնակցելու միջոցառումներին։
Առցանց ձևաչափով նախատեսված է լայնածավալ ծրագիր՝ շաբաթվա ընթացքում հասանելի դարձնելով ավելի քան 100 վիդեոսեսիա՝ նվիրված ծրագրավորմանը, դիզայնին, խաղերին, գրաֆիկային և մեքենայական ուսուցմանը։ Բացի այդ, կանցկացվեն ինտերակտիվ լաբորատորիաներ, որտեղ մշակողները կկարողանան հարցեր ուղղել Apple-ի ինժեներներին՝ հատկապես Apple Intelligence-ի վերաբերյալ։
Միջոցառման շրջանակում հայտարարվել են նաև Apple Design Awards-ի 36 եզրափակիչ մասնակիցներ և Swift Student Challenge-ի 350 հաղթողներ, որոնցից 50 լավագույն ուսանողներ հրավիրվել են այցելելու Cupertino-ի գլխավոր գրասենյակ։ WWDC-ի հիմնական ելույթներն ու նյութերը հասանելի կլինեն Apple-ի պաշտոնական կայքում, Apple TV հավելվածում և YouTube-ում։












