Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) ՏՏ ոլորտի ընկերություններին հրատապ աջակցության անհրաժեշտության մասին հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ ասվում է.
«Սույն թվականի սեպտեմբերի 12–ից հանրային քննարկման է ներկայացվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների, արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացման, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։
Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, երկրում ստեղծված իրավիճակը` խիստ անհրաժեշտ է վերոնշյալ նախագծի օր առաջ ընդունումը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել տեղական ՏՏ և ԲՏ ոլորտներում գործող ընկերությունների աշխատատեղերը, այլև կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական և անվտանգային թիկունքի ապահովմանը։
Յուրաքանչյուր ուշացում կամ անգործություն ներկայացվող նախագծի ընդունման վերաբերյալ արդեն իսկ հանգեցնում է անդառնալի հետևանքների, ուստի կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը առաջիկա Կառավարության նիստում ընդունել վերոգրյալ նախագիծը»։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։