2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է ՏՏ ոլորտի 72 ընկերություն, որոնք պետական բյուջե են ապահովել ընդհանուր 61 մլրդ դրամի հարկային եկամուտ,- հայտնել է Modex-ը։
ՏՏ ընկերությունների վճարած հարկերը կազմել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 4%-ը։
Ըստ հրապարակված տվյալների՝ ոլորտի 72 խոշոր հարկատուները միասին վճարել են 10.9 մլրդ դրամ շահութահարկ։ Այս ցուցանիշով առաջատարն է Digitain ընկերությունը, որը վճարել է 6.477 միլիոն դրամ շահութահարկ՝ ապահովելով ոլորտի վճարած շահութահարկի շուրջ 59.6%-ը։
Միաժամանակ, ՏՏ ոլորտի 20 խոշորագույն հարկատուներից 8 ընկերությունների դեպքում եկամտային հարկի վճարումները նվազել են։ Ամենամեծ անկումը գրանցվել է Arctera AM ընկերության դեպքում։
2026 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում առաջին անգամ հայտնվել է Firebird AI ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 823 մլն դրամ հարկ։
Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ 2025 թվականի տարեկան տվյալներով Digitain ընկերության հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը կազմել են ՏՏ գործունեության տեսակները։
Բացի այդ, Ride Tech (Yandex Taxi) ընկերության բիզնես մոդելի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կազմակերպության հիմնական գործունեությունը կապված է հարթակի մշակման, զարգացման և շահագործման աշխատանքների հետ։
Տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր ընկերության հարկային ցուցանիշները հաշվարկվել են՝ հաշվի առնելով պետական բյուջե վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ-ի ու ակցիզային հարկի մասով վերադարձված միասնական հաշիվների տարբերությունը։












