Մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026-ը

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հուլիսի 26-ին Սևանի ափին մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026 միջազգային ստարտափային միջոցառումը։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են հազարավոր մարդիկ՝ ազդարարելով նորարարությամբ, համագործակցություններով և նոր գաղափարներով լի շաբաթվա մեկնարկը։

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ բացման օրը մեկնարկել է առաջին հանդիպումներով, ծանոթություններով և աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների ընդունելությամբ։ Օրվա ընթացքում մասնակիցները մասնակցել են ներածական քննարկումների և հանդիպումների, իսկ երեկոն ամփոփվել է բացման արարողությամբ ու միջոցառմամբ, որը միավորել է Սևանի ափին հավաքված ստարտափային համայնքին։

Seaside Startup Summit Armenia 2026-ը երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025, այնպես էլ 2026 թվականին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն դրամ։

Մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026-ը
PHOTO_BY_SIMONYAN_HAKOB

Բացման արարողության ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ արդեն տասներորդ տարին անցկացվող միջոցառումը դարձել է հարթակ, որտեղ միավորվում են նորարար գաղափարներով առաջնորդվող մարդիկ և ձևավորվում է տեխնոլոգիական համայնք։

«Seaside Startup Summit Armenia»-ն, նախարարի խոսքով, պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումներ։

«Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին»,– նշել է Հայրապետյանը։

Այս տարվա գագաթնաժողովի շրջանակում մինչև օգոստոսի 1-ը Սևանի ափին կհավաքվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, փորձագետներ ու նորարարական էկոհամակարգի այլ մասնակիցներ։

Կազմակերպիչների ներկայացմամբ՝ միջոցառման առաջին օրը նոր կապերի, հանդիպումների և գաղափարների փոխանակման հնարավորություն է ստեղծել մասնակիցների համար՝ ձևավորելով այն միջավայրը, որը պետք է ուղեկցի ամբողջ շաբաթվա ընթացքում։ «Սա միայն սկիզբն է»,– նշել են միջոցառման կազմակերպիչները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները