StartupBlink-ի 2026 թվականի Global Startup Ecosystem Index-ի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 55-րդ տեղը աշխարհում։ Երկիրը հինգերորդ տարին անընդմեջ մնում է համաշխարհային լավագույն 60 երկրների ցանկում՝ պահպանելով կայուն դիրք միջազգային տեխնոլոգիական քարտեզում։
Էկոհամակարգը գրանցել է +16.2% աճ, ինչը համարվում է միջին, բայց կայուն ցուցանիշ։
Հայաստանը շարունակում է գերազանցել տարածաշրջանի մի շարք երկրների՝ այդ թվում Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին և Ուզբեկստանին։ Սակայն միաժամանակ հարևան երկրներում նկատվում է շատ ավելի արագ զարգացում․ Վրաստանը աճել է +78%, Մոլդովան՝ +91.9%, իսկ Ուզբեկստանը՝ +227%։ Սա վկայում է, որ տարածաշրջանի ստարտափ միջավայրը դառնում է էականորեն ավելի մրցակցային։
- Եվրոպայում Հայաստանը զբաղեցնում է 21-րդ տեղը «Funding & Capital» կատեգորիայում՝ ցույց տալով համեմատաբար լավ ներդրումային ակտիվություն։
- «Ecosystem Returns»-ում Հայաստանը 23-րդն է, ինչը վկայում է տեխնոլոգիական ընկերությունների հաջող ֆինանսական արդյունքների մասին։
- Միևնույն ժամանակ, «Innovators Business Environment Index»-ում Հայաստանը 66-րդ տեղում է, ինչը ցույց է տալիս, որ բիզնես միջավայրի պայմանները դեռևս սահմանափակող գործոն են նորարարական ընկերությունների համար։
- Տեխնոլոգիական կառուցվածքում Հայաստանի ամենաուժեղ ոլորտը շարունակում է մնալ Software & Data հատվածը, որտեղ երկիրը զբաղեցնում է 46-րդ տեղը աշխարհում և 28-րդը Եվրոպայում։
- Մայրաքաղաք Երևանը նույնպես պահպանում է իր տեղը աշխարհի լավագույն 200 քաղաքների շարքում՝ զբաղեցնելով 199-րդ հորիզոնականը, սակայն գրանցելով 18 տեղով անկում՝ առաջին նկատելի հետընթացը 2021 թվականից հետո։

Էկոհամակարգի զարգացման պատմության մեջ առանցքային դեր են ունեցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր նախաձեռնությունները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Enterprise Armenia-ն, STAN ներդրումային ցանցը և FAST հիմնադրամը ձևավորել են համակարգի հիմնական ենթակառուցվածքը։ 2021 թվականին PicsArt-ը դարձավ Հայաստանի առաջին unicorn ստարտափը՝ ստանալով 130 մլն դոլարի ներդրում SoftBank-ից, իսկ ServiceTitan-ը շարունակում է մնալ ոլորտի ամենահաջողված օրինակներից մեկը։
2025 թվականին Firebird-ը NVIDIA-ի և Հայաստանի կառավարության հետ ընդլայնեց արհեստական բանականության մեգանախագիծը՝ հասցնելով ընդհանուր ներդրումները 4 միլիարդ դոլարի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է էապես փոխել էկոհամակարգի կառուցվածքը։
Զեկույցում նաև նշվում է, որ Enterprise Armenia-ն և STAN-ը աջակցել են Հայաստանի հատվածի մշակմանը, ինչը ընդգծում է պետական և մասնավոր հատվածների համատեղ ներգրավվածությունը ոլորտի զարգացման մեջ։
Ընդհանուր պատկերն այսպիսին է․ Հայաստանը պահպանում է կայուն և ուժեղ դիրք համաշխարհային ստարտափ քարտեզում, սակայն տարածաշրջանային արագ աճը և գլոբալ մասշտաբի խոշոր ընկերությունների սահմանափակ թիվը ստեղծում են նոր մարտահրավեր՝ անցում կատարել կայուն զարգացող էկոհամակարգից դեպի գլոբալ մակարդակում մրցունակ ստարտափների արտադրող համակարգ։
Իսկ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը (Մեծ Բրիտանիան) և Իսրայելը:

Ի՞նչ է Global Startup Ecosystem Index-ը
Global Startup Ecosystem Index-ը ստեղծվել է StartupBlink-ի կողմից և առաջին անգամ հրապարակվել է 2017 թվականին։ Այն այսօր համաշխարհային մասշտաբով դասակարգում է ստարտափ էկոհամակարգերը՝ ընդգրկելով 1,556 քաղաք և 100 երկիր։
Ինդեքսը կառուցված է հարյուր հազարավոր տվյալների կետերի վրա, որոնք մշակվում են ալգորիթմի միջոցով։ Վերլուծությունը հիմնված է մի շարք տարբեր պարամետրերի վրա, որոնք միավորվում են երեք հիմնական չափանիշի մեջ․
- Քանակ՝ գնահատում է էկոհամակարգի ընդհանուր ակտիվության մակարդակը
- Որակ՝ գնահատում է այդ ակտիվության ազդեցությունը և հաջողության աստիճանը
- Բիզնես միջավայր՝ գնահատում է, թե որքանով է տնտեսական և ինստիտուցիոնալ միջավայրը նպաստում ստարտափների զարգացմանը
Այս երեք բաղադրիչների գումարը կազմում է յուրաքանչյուր երկրի կամ քաղաքի ընդհանուր գնահատականը և դիրքը համաշխարհային դասակարգման մեջ։












