Ըստ Reddit-ի օգտատերերի հրապարակումների, որոնք այնուհետև հաստատել է ինքը՝ SpaceX-ը, արբանյակային ինտերնետ ծառայության բաժանորդագրությունների արժեքը նվազել է աշխարհի առնվազն 13 երկրում։ Միաժամանակ, որոշ տարածաշրջաններում, օրինակ՝ Բրազիլիայում և Չիլիում, բաժանորդագրությունը էժանացել է գրեթե կրկնակի՝ այժմ բրազիլացիներն ու չիլիացիները ամսական վճարում են համապատասխանաբար 45 և 51 դոլար՝ 100 դոլարի փոխարեն։
Ինչպես հաղորդում է The Verge-ի խմբագիր Թոմաս Ռիկերը, ով ապրում է Նիդեռլանդներում, SpaceX-ն օգոստոսի 24-ին ուղարկել է բաժանորդագրության գնի իջեցման առաջին ծանուցումները: Ռիկերը համեմատաբար փոքր զեղչ է ստացել: Նրա ինտերնետի արժեքը ամսական 124 եվրոյից նվազել է մինչև 105 եվրո: Ավելի ուշ հրապարակման լրագրողները նկատել են, որ աշխարհի տարբեր երկրներում Reddit համայնքի օգտատերերը նմանատիպ հաղորդագրություններ են ստացել Starlink-ի ծառայությունների արժեքի նվազեցման մասին։
SpaceX-ը չունի արտոնությունների կոնկրետ համակարգ. որոշ երկրներում արժեքը չի փոխվել, մյուսներում՝ բաժանորդագրությունը նվազել է 5-10%-ով, իսկ որոշ երկրներում՝ ավելի քան 50%-ով: Բրիտանացի օգտատերերը պնդում են, որ այժմ վճարում են 88 դոլար՝ 105 դոլարի փոխարեն, մեքսիկացիները՝ 55 դոլար՝ 115 դոլարի փոխարեն, իսկ գերմանացիները՝ 80 դոլար՝ 100 դոլարի փոխարեն։
Հիշեցնենք, որ Starlink-ը ավելի վաղ իր կայքում հայտնել էր, որ շուտով հասանելի է լինելու նաև Հայաստանում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։