AI-ով աշխատող դիզայնի հարթակը՝ Picsart-ը, մեկնարկել է մոնետիզացիայի նոր ծրագիր, որը հնարավորություն է տալիս օգտատերերին վաստակել իրենց ստեղծած բովանդակությունից։ Picsart-ը նորությունը հայտնել է TechCrunch-ին։
Ընկերության հաղորդմամբ՝ ծրագիրը բաց է բոլորի համար՝ առանց հրավերի կամ հետևորդների նվազագույն շեմի։ Ստեղծողները կարող են Picsart-ի գործիքներով ստեղծել բովանդակություն, հրապարակել այն իրենց սոցիալական հարթակներում և եկամուտ ստանալ՝ կախված ներգրավվածությունից՝ դիտումներից, մեկնաբանություններից և տարածումներից։
Նոր նախաձեռնությամբ Picsart-ը փորձում է վերափոխվել պարզապես ստեղծագործական գործիքից դեպի հարթակ, որտեղ հնարավոր է նաև եկամուտ ստանալ։ Ստեղծողները ծրագրին միանալուց հետո ստանում են հատուկ կառավարման վահանակ՝ հասանելի ընթացիկ ստեղծագործական առաջադրանքներով։ Օրինակ՝ որոշ արշավներ առաջարկում են ստեղծել պատկերներ AI գործիքների միջոցով, այդ թվում՝ Aura անունով վիրտուալ օգնականի օգնությամբ, որը կարող է գեներացնել և անիմացնել պատկերներ ու տեսանյութեր։

Միաժամանակ ընկերությունը նշում է, որ միայն AI-ով ստեղծված բովանդակության հրապարակումը բավարար չէ եկամուտ ստանալու համար․ կարևոր է ստեղծագործական մոտեցումն ու լսարանի ներգրավումը։
Ստեղծողները պետք է ներկայացնեն իրենց հրապարակված բովանդակության հղումները և նշեն, թե ինչպես են այն ստեղծել, իսկ վաստակած գումարը կարող են դուրս բերել Stripe վճարային համակարգի միջոցով։
Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը նշել է, որ սոցցանցերում բովանդակություն ստեղծողների համար տնտեսական հիմնական խնդիրներից մեկը սովորական օգտատերերի աշխատանքի արդար փոխհատուցումն է, և այս նախաձեռնության նպատակը այդ խնդիրը։
2011 թվականին հիմնադրված Picsart-ը ներկայում ունի ավելի քան 130 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում և 2021 թվականին ստացել է «միաեղջյուր» ընկերության կարգավիճակ։
Նշվում է նաև, որ մոնետիզացիայի ծրագրի մեկնարկը հաջորդում է ընկերության մեկ այլ նախաձեռնությանը՝ AI գործակալների marketplace-ի ստեղծմանը, որտեղ օգտատերերը կարող են տարբեր առաջադրանքների համար օգտագործել արհեստական բանականությամբ աշխատող օգնականներ։












