Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին: Քննարկվել է Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման նախագիծը: Հանդիպման ընթացքում Ռև Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Կողմերը հատուկ կարևորել են NVIDIA-ի արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի ներկրման համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հարցը:
Անդրադարձ է կատարվել նաև պետական կառավարման համակարգում արհեստական բանականության ներդրման հնարավորություններին՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետը շեշտել է այս գործընթացում մասնավոր հատվածի կողմից աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը: Զուգահեռաբար քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացման հեռանկարները և պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնումը:
Ռև Լեբարեդյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեխնոլոգիական կրթական ծրագրի իրականացման նախագիծը: Վարչապետը ողջունել է այս նախաձեռնությունը և հավաստիացրել, որ Կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն այն կյանքի կոչելու համար:












