Կայացավ ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիական գագաթաժողովը․ Starlink-ը 100 դպրոցի կկապահովի ինտերնետով, YouTube-ը՝ մոնետիզացիա Հայաստանում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փետրվարի 10-ին Երևանում անցկացվել է Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պատվիրակության անդամներ և երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկումների առանցքում եղել են բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության, կիսահաղորդիչների, արհեստական բանականության և ներդրումային համագործակցության հարցերը։

Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման ավագ տնօրեն Ռայան Գուդնայթը հայտարարել է, որ ընկերությունը համագործակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ Հայաստանի 100 դպրոց բարձր արագությամբ ինտերնետով ապահովելու նպատակով։

YouTube-ը ևս հայտարարել է, որ այս գարնանը Հայաստանում կգործարկվի YouTube Partner Program (YPP)-ը, ինչը հնարավորություն կտա հայ ստեղծագործողներին դրամայնացնել իրենց բովանդակությունը։

«Shield AI» ընկերությունը հայտնել է Հայաստանի հետ համագործակցության մասին՝ V-BAT անօդաչու համակարգերի և Hivemind ինքնավարության ծրագրային ապահովման ուղղությամբ։

«Synopsys Armenia»-ն ներկայացրել է ընկերության գործունեությունը կիսահաղորդիչների նախագծման և արհեստական բանականության ոլորտում՝ նշելով նաև NVIDIA-ի հետ ռազմավարական համագործակցությունը։

Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ 2025 թվականի հունվարին ձևավորված Հայաստան–ԱՄՆ Ռազմավարական գործընկերությունը ստեղծել է ամուր քաղաքական հիմք բարձր մակարդակի համագործակցության համար:

«Այսօրվա գագաթաժողովը այդ աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Հայաստանը նպատակային և վճռական քայլեր է ձեռնարկում տեխնոլոգիաների և նորարարության իր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք հստակ գիտակցում ենք, որ այս ոլորտներում կայուն առաջընթացը հնարավոր չէ մեկուսացված պայմաններում։ Այդ իսկ պատճառով առանձնահատուկ կարևորություն է տրվում Միացյալ Նահանգների կառավարության, ինչպես նաև առաջատար մասնավոր ընկերությունների և հաստատությունների հետ համագործակցության ընդլայնմանը», — ասել է նախարարը:

ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքական ավագ խորհրդական Ջոնաթան Ասքոնասի խոսքով՝ Հայաստանը և ԱՄՆ-ն հստակ գիտակցում են, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունը տնտեսական աճի և հնարավորությունների ստեղծման հիմնական շարժիչ ուժերն են։

«Կարծում եմ՝ Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի լավագույն պահպանված գաղտնիքներից մեկն է: Միջազգային տեխնոլոգիական հանրությունը դեռ լիարժեք չի բացահայտել այն բացառիկ խորությունն ու ներուժը՝ մարդկային կապիտալի, կարողությունների և ներդրումային հնարավորությունների առումով, որոնք առկա են Հայաստանում», — ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Գագաթաժողովը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և նպատակ ունի խորացնել երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները