Ինչպե՞ս «լեզու գտնել» Product Hunt-ի հետ

Վայր, որտեղ մահանում կամ ծնվում են ստարտափները: Որ տարբերակը կունենա Ձեր ստարտափը, կախված է Ձեր աշխատանքից. պրոդուկտի, դրա առաջխաղացման վրա և ոչ միայն: Product Hunt. ստարտափների գերեզմա՞ն, թե՞ մեծագույն ձեռքբերումների աղբյուր: Փորձենք հասկանալ ստորև:


Ի՞նչ կարդալ հոդվածում
Ի՞նչ է Product Hunt-ը
Ինչպե՞ս է աշխատում Product Hunt-ը
Ինչի՞ համար է Ձեզ անհրաժեշտ Product Hunt-ը
Ինչպե՞ս թողարկել պրոդուկտը Product Hunt-ում
Product Hunt-ի խնդիրների մասին
«Ոսկե կատվիկներ»-ի մասին

Ի՞նչ է Product Hunt-ը

Product Hunt-ը հարթակ է, որտեղ ստարտափների հիմնադիրները, զանազան ոլորտի մասնագետներն ու պրոդուկտներ սիրող մարդիկ հավաքվում են մեկ վայրում՝ ծանոթանալու ու փորձարկելու լավագույն տեխնոլոգիական պրոդուկտները:

- Advertisement -
Ինչպե՞ս «լեզու գտնել» Product Hunt-ի հետ

Հարթակը ստեղծվել է Ռայան Գուվերի կողմից, իսկ 2016 թվականին այն ձեռք է բերել Angellist ընկերությունը: Շատերը Product Hunt-ը համեմատում են Y Combinator աքսելերատորի Hacker News-ի հետ: Բայց դա միայն ստարտափային նորություններին ծանոթանալու տեսանկյունից: Իսկ որպես ուղղակի մրցակից Y Combinator-ն ունի իր տարբերակը՝ Launch YC-ն: Չնայած Y Combinator-ի՝ ոլորտում ունեցած մեծագույն ազդեցությանը՝ Launch YC-ն դեռևս չի կարողացել Product Hunt-ին համարժեք ազդեցություն ունենալ:

Ratatouille GIF - Find & Share on GIPHY

Ինչպե՞ս է աշխատում Product Hunt-ը

Product Hunt-ը կարելի է ստարտափների ագրեգատոր համարել: Եվ այնտեղ ճիշտ ներկայանալը կարող է հարյուրավոր օգտատերերի, ներդրողների ու ԶԼՄ-ների ուշադրության հիմք դառնալ: Ի վերջո, ինչպե՞ս է աշխատում այս հարթակը:

  • Ստարտափները այստեղ գրանցում են իրենց պրոդուկտը. ինքնուրույն կամ փորձառու հանթերի օգնությամբ:
  • Պատմում դրա մասին:
  • Ընտրվում է որևէ օր՝ այդ պրոդուկտը ներկայացնելու համար:
  • Եվ տվյալ օրը հրապարակված բոլոր պրոդուկտները մրցում են «Օրվա պրոդուկտ» անվանակարգում հաղթելու համար:
  • «Օրվա պրոդուկտը» հետագայում կարող է դառնալ «Շաբաթվա պրոդուկտ» կամ «Ամսվա պրոդուկտ»:

Ինչի՞ համար է Ձեզ անհրաժեշտ Product Hunt-ը

  1. Այն Ձեր մասին հայտնելու լավագույն տարբերակներից մեկն է: Աշխարհի որ ծայրում էլ ստեղծված լինի Ձեր պրոդուկտը, այն կտեսնեն Ամերիկայում ու Ճապոնիայում, Ավստրալիայում ու Մեքսիկայում: Դրան էլ գումարած՝ ամենատարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունները ևս կարող են իրական դառնալ: Նկատելի դառնալը ոչ ոքի չի խանգարել, այնպես չէ՞:
  2. Գործընկերներից և ոլորտի մասնագետներից արձագանք ստանալու հնարավորություն է: Եթե, օրինակ, Ձեր պրոդուկտը HR-ների համար է, Product Hunt-ում գրանցված HR-ները կկարողանան ծանոթանալ Ձեր պրոդուկտի հետ, դրական կամ քննադատական, բացասական կամ կառուցողական կարծիք հայտնել, ինչն էլ կօգնի Ձեր հետագա աշխատանքներին:
  3. Հնարավոր է՝ Ձեզ նկատեն ներդրողները: Ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներն ու հրեշտակ ներդրողները ուսումնասիրում են հարթակում առկա պրոդուկտները, և հնարավոր է՝ հենց Ձեր պրոդուկտը դառնա նրանց ուշադրության թիրախը:
  4. Հարթակը կարելի է օգտագործել որպես մրցակիցների վերլուծության գործիք: Եթե նույնիսկ Դուք դեռ չեք ցանկանում Ձեր պրոդուկտը թողարկել Product Hunt-ում, մրցակիցներին, նմանատիպ տեխնոլոգիա ունեցող այլ ստարտափներին ու ընդհանրապես ոլորտում կատարվող թրենդներին հետևելը այս հարթակում դյուրին ու հարմար կլինի:
Awkward France GIF by Disney Pixar - Find & Share on GIPHY

Ինչպե՞ս թողարկել պրոդուկտը Product Hunt-ում

«Ինչպե՞ս թողարկել պրոդուկտը Product Hunt-ում» հարցի պատասխանը բացարձակ չէ: Բայց ո՞վ, եթե ոչ այն մարդիկ, ովքեր արդեն իսկ ունեն այդ փորձառությունը, կարող են հստակ պատասխանել այդ հարցին: Այդ է պատճառը, որ զրուցել ենք 10Web ընկերության թվային մարքեթինգի տնօրեն Արաքս Նալբանդյանի հետ:

Ինչպե՞ս «լեզու գտնել» Product Hunt-ի հետ

Արաքս Նալբանդյան

  • Թվային մարքեթինգի փորձագետ, SEO մասնագետ
  • Թվային մարքեթինգի տնօրեն 10Web ընկերությունում
  • SEO դասընթացավար BDG ընկերությունում

10Web-ը արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է կայքերի պատրաստման գործընթացը: Թիմը արդեն մի քանի տարի շարունակ Product Hunt-ում ներկայացնում է իր պրոդուկտը, վերջինիս թարմացված տարբերակներն ու նոր հնարավորությունները:

Մեզ հետ զրույցում Արաքսը նշեց Product Hunt-ում պրոդուկտը թողարկելու գլխավոր պատճառները՝ վաղ հետևորդների (early adopters) ձեռքբերումը և պրոդուկտի շուրջ որոշակի «իրարանցում» ստեղծելու հնարավորությունը: «Որո՞նք էին սպասումները» հարցին պատասխանը «իրարանցման» շարունակությունն է՝

  • կայք այցելությունների թվի մեծացումը,
  • պրոդուկտի փորձարկումը,
  • հետադարձ կապը,
  • համապատասխան և ճիշտ համայնքում պրոդուկտի հայտնի դառնալը:

«Առաջին հերթին անհրաժեշտ է պատրաստել կոնտենտը. ինչպես վիզուալ, այնպես էլ տեքստային: Անպայման անհրաժեշտ է պատրաստել վիդեո կոնտենտ, որտեղ ներկայացնում եք պրոդուկտը: Ցանկալի է՝ դեմո տարբերակը, որպեսզի օգտատերերը հասկանան՝ պրոդուկտը ինչ է իրենից ներկայացնում»,-ընդգծեց Արաքսը:

Որպես հավելում վերը նշվածին՝ Արաքսը նշեց նաև թողարկման օրերին օգտատերերի համար հատուկ առաջարկների ներկայացումը: Երբ նյութերը պատրաստ են, հերթը առաջխաղացմանն է, թե որ խմբերում եք կիսվելու քվեարկության հնարավորությամբ, ում եք ուղարկելու՝ աջակցություն ստանալու նպատակով:

Product Hunt-ում քվեարկության կոճակն ունի «upvote» անունը, սակայն, ինչպես Արաքսն է նշում, ցանկալի է խուսափել այդ բառից և դիմել աջակցության՝ հանուն լավ հորիզոնականների, այլ ոչ թե ուղղակի «upvote»-երի համար:

Իհարկե Product Hunt-ում Ձեր պրոդուկտի ներկայացումն առաջխաղացումը մեկօրյա բնույթ չի կրում և հետագայում ևս ազդում է պրոդուկտի կյանքի վրա: 10Web-ի թվային մարքեթինգի տնօրենը նշում է, որ հիմնական ազդեցությունը կրում են կայքի հեղինակությունը (authority) և վստահելիությունը (credibility): Օրվա, շաբաթվա կամ ամսվա պրոդուկտ դառնալու դեպքում Product Hunt-ը տրամադրում է բեյջեր, որոնք հնարավոր է լինում տեղադրել կայքում, օգտագործել գովազդային արշավներում ու սոցիալական մեդիայում և հեշտությամբ համոզել օգտատերերին՝ փորձարկել Ձեր պրոդուկտը:

Զրույցի վերջում Արաքս Նալբանդյանը խորհուրդ է տալիս ամենակարևորը՝ չանհանգստանալ, լինել ակտիվ Product Hunt-ում ներկայանալու օրերին, ունենալ հստակ պլան և չունենալ մեծ սպասումներ 🙂

Ստացի՛ր «Ինչպե՞ս պրոդուկտը թողարկել Product Hunt-ում» չեք-լիստը՝ նշելով էլեկտրոնային հասցեդ:

Chef Cooking GIF by Disney Pixar - Find & Share on GIPHY

Product Hunt-ի խնդիրների մասին

Մի՞թե ամեն ինչ այնքան կատարյալ է Product Hunt-ում, որքան թվում է առաջին հայացքից: Եկեք փորձենք հասկանալ:

  1. Ամենամեծ խնդիրը, որի մասին բարձրաձայնում են օգտատերերը, կեղծ upvote-երն են: Indie Hackers-ի օգտատերերից մեկը իր սեփական փորձառության օրինակով ներկայացրել է, թե ինչպես են իրենց պրոդուկտի թողարկման օրը հարթակում գրանցված մարդիկ սկսել քվեարկել իրենց օգտին: Միգուցե դա որևէ մեկի չար կատակն է, որպեսզի ձայները անվավեր ճանաչվեն: Իսկ միգուցե Product Hunt-ի «բլիթի մեթոդը», ո՞վ գիտի:
  2. Բոլոր ստարտափները չեն, որ իրական են: Եթե Դուք կասկածում եք Ձեր պրոդուկտի՝ բավարար չափով լավը լինելու վրա, ապա հոգ չէ, որովհետև կան ստարտափներ, որոնք ընդհանրապես իրական չեն: Կամ էլ պրոդուկտը դեռևս բավարար չափով պատրաստ չէ կիրառման համար: Ցավալին այն է, որ դուք նրանց հետ հավասար պետք է պայքարեք «Օրվա պրոդուկտ» ճանաչվելու համար:
  3. Սպասումներ ընդդեմ իրականության: Չպետք է ունենալ մեծ սպասումներ, որովհետև ամեն դեպքում Product Hunt-ի հետևորդներն ու օգտատերերը կոնկրետ (ոչ մեծ) թվով մարդիկ են, որոնք Ձեր պես ստարտափերներ ու մասնագետներ են: Եվ եթե նրանց հետաքրքրության շրջանակը չընդգրկի Ձեր պրոդուկտը, նրանք պարզապես այդ պրոդուկտի կողքով կանցնեն:

«Ոսկե կատվիկներ»-ի մասին

Օրվա, շաբաթվա և ամսվա պրոդուկտներ ճանաչվելը ամենը չէ: Յուրաքանչյուր տարվա վերջում տեղի է ունենում Product Hunt-ի “Golden Kitty Awards” անունը կրող մրցանակաբաշխությունը: «Ոսկե կատվիկների» են արժանանում ամենատարբեր կատեգորիաներում առաջադրված պրոդուկտներ, որոնք այդ տարվա ընթացքում ներկայացվել են հարթակում:

Ի դեպ, 2021 թվականին «Ոսկե կատվիկների» արժանացած ստարտափներից երեքը հայկական էին՝ Podcastle-ը, Softr-ը և Lucky Carrot-ը:

Ստեղծե՛ք օգտակար պրոդուկտներ, թողարկե՛ք դրանք Product Hunt-ում, մենք էլ How2B-ում կօգնենք դրանց առաջխաղացմանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ինչպե՞ս «լեզու գտնել» Product Hunt-ի հետ

Վերջին նորությունները

Ինչպե՞ս «լեզու գտնել» Product Hunt-ի հետ
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։