Հայաստանի կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հաստատել է անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում նոր օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական համակարգ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած նախագծով նույնականացման քարտի (ID) առկայությունը պարտադիր է դառնում 16 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար։ Ընդ որում, քաղաքացին կկարողանա կենսաչափական անձնագիր ստանալ բացառապես նույնականացման քարտ ունենալու դեպքում։
Նոր կանոնակարգերը հստակեցնում են տարիքային տարբեր խմբերի համար գործող պայմանները։ 6-ից 16 տարեկան անձանց համար նույնականացման քարտի տրամադրումը կլինի կամավոր հիմունքներով՝ ծնողի ցանկությամբ, իսկ մինչև 6 տարեկան երեխաների համար որպես անձը հաստատող միակ փաստաթուղթ կշարունակի գործել ծննդյան վկայականը։ Օրենսդրական փոփոխությամբ փոխվում է նաև փաստաթղթերի կիրառման տրամաբանությունը. ներքին ընթացակարգերում որպես հիմնական անձը հաստատող փաստաթուղթ կծառայի ID քարտը, իսկ անձնագիրը կհամարվի ճամփորդական փաստաթուղթ։ Կենսաչափական են դառնալու նաև օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց տրվող փաստաթղթերը։
Համակարգը կներդրվի պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում, ընդ որում, մասնավոր գործընկերը չի իրականացնելու վարչական վարույթներ կամ քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որոշումներ։ Բուն ենթակառուցվածքների ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2026 թվականի աշնանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ID քարտերի ձևաթղթերը կտպագրվեն Չեխիայում, անձնագրերինը՝ Նիդերլանդներում, իսկ անհատականացումն ու տվյալների մուտքագրումը կկատարվի Հայաստանում։ Ծրագրվում է նաև «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ հետագայում նաև այլ սահմանային կետերում, ներդնել անձնագրային անհպում հսկողություն։
ՆԳ նախարարն ընդգծել է գործընթացի կարևորությունը Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում։ Անձը հաստատող փաստաթղթերն ու կենսաչափական նոր համակարգը հանդիսանում են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առանցքային բաղադրիչը։ Նոր փաստաթղթերը լիովին կհամապատասխանեն այն ստանդարտներին, որոնք Եվրամիությունը պլանավորում է կիրառել 2027 թվականից։












