ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկանում ենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2024 թվականի մարտին կազմել է 307 655 ՀՀ դրամ։ Իսկ սոցիալական ոլորտում, որտեղ ներառվում են առողջապահության, կրթության, մշակույթի և արվեստի ոլորտները, այն կազմել է 178 711 ՀՀ դրամ։
Ոլորտային դիտարկմամաբ աշխատավարձի ամենաբարձր մակարդակը գրանցվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 1 797 899 ՀՀ դրամ, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 39,4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2,1 անգամ։ Ընդհանուր առմամբ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը դիտարկելիս նկատում ենք, որ ոլորտում միջին ամսական աշխատավարձը յուրաքանչյուր տարվա մարտ ամսին նախորդ ամիսների համեմատ կտրուկ աճ է ունենում։
Հաջորդել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը՝ 1 069 908 ՀՀ դրամ, ինչը նվազել է 2,5%-ով։ Իսկ ընդհանրացված տեղեկատվություն և կապ ոլորտում (ներառյալ ՏՏ-ն) այն կազմել է 869 768 ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից քիչ է 4,3%-ով։
Հաջորդում են հանքարդյունաբերության ոլորտը՝ 477 765 ՀՀ դրամ, պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը՝ 364 073 ՀՀ դրամ, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը՝ 316 685 ՀՀ դրամ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտը՝ 300 111 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձերով։
Ամենացածր մակարդակը գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 141 872 ՀՀ դրամ։
Կարդացեք նաև՝
- ՏՏ-ն ամենաբարձր աշխատավարձեր ունեցող ոլորտն է Հայաստանում
- Ինչքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. առաջին եռամսյակում Երևանում և մարզերում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: