«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում։ Պարտատոմսերի ընդհանուր ծավալը 32 մլրդ դրամ է, տոկոսադրույքը՝ 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի։
Թողարկման նպատակը ՀԷՑ վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը։ Այդ ծրագրերն ուղղված են էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին և էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը։
Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է, իսկ հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամները։ Միևնույն ժամանակ, դրանց ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է նաև ֆիզիկական անձանց համար և իրականացվում է MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով։
Ակնկալվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կունենան նաև ակտիվ և խորը երկրորդային շուկա` շնորհիվ արդեն իսկ ձևավորված դիվերսիֆիկացված ներդրողների բազայի, պարտատոմսերի աննախադեպ մեծ ծավալի և պրոֆեսիոնալ շուկա ստեղծողների:
ՀԷՑ պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու այլ հյուրեր։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: