Փարաքար համայնքում կստեղծվի արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների առաջին դպրոցը՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի ղեկավարությամբ (ԳՏՏԿ) և բարերար Նշան Կարայանի ֆինանսական աջակցությամբ:
Այս կապակցությամբ հուլիսի 22-ին ԳՏՏԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Փարաքար համայնքի, «Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ:
ԳՏՏԿ գլխավոր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, ԳՏՏԿ-ն այս ծրագրի օպերատորն է և իրականացնելու ու ղեկավարելու է դպրոցի ողջ գործունեությունը: Նրա խոսքով, դպրոցի գլխավոր առաքելությունը լինելու է միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։
«Այստեղ հանգստյան օրերին մենթորների օժանդակությամբ տեխնոլոգիական արտադրանքներ են ստեղծելու աշակերտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից: Կարծում եմ, այս ծրագրի իրագործումը ևս մեկ մեծ քայլ է՝ ուղղված Հայաստանում Բարձր Տեխնոլոգիաների ոլորտի ապակենտրոնացմանը դեպի մարզեր և երիտասարդներին վաղ տարիքից ոլորտ ներգրավելուն»,- ընդգծել է Ամալյա Եղոյանը, հավելելով, որ դպրոցում թվային հմտությունները կիրառվելու են նաև ոչ թվային ոլորտներում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։