ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026 թվականի հունվար-մայիս ամիսների սպառողական գների ինդեքսի վերաբերյալ տվյալները։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.2%։ Միևնույն ժամանակ, նախորդ ամսվա՝ 2026 թվականի ապրիլի նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում։
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 2026 թվականի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 6.4% գնաճ, իսկ 2026 թվականի ապրիլի համեմատ՝ 2.3% գնանկում։ Ուշագրավ են հատկապես մսամթերքի և կաթնամթերքի ոլորտում գրանցված տարեկան թանկացումները։ Ձուն թանկացել է 30.8%-ով, տավարի միսը՝ 22.8%-ով, գառան և ոչխարի միսը՝ 17.5%-ով, իսկ խոզի միսը՝ 11.2%-ով։ Հակառակ պատկերն է մրգի և բանջարեղենի շուկայում, որտեղ գրանցվել է գնանկում։ Բանջարեղենի գներն անկում են ապրել 6.5%-ով տարեկան կտրվածքով, իսկ ապրիլի համեմատ էժանացել են 12.4%-ով։ Մրգի գներն իրենց հերթին տարեկան կտրվածքով նվազել են 2.5%-ով։
2026 թվականի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ոչ պարենային շուկայում գներն աճել են 2.1%-ով, իսկ ապրիլի համեմատ գրանցվել է 0.5% աճ։ Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում տարեկան կտրվածքով սակագներն աճել են 2.7%-ով։ Մասնավորապես, հյուրանոցային ծառայությունները թանկացել են 8.9%-ով, տրանսպորտի ծառայությունները՝ 7.1%-ով, իսկ բժշկական ծառայությունները՝ 5.7%-ով։
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաև արտարժույթի շուկայի վերաբերյալ տվյալներ։ 2026 թվականի մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.5% նվազում, ինչը նշանակում է, որ դրամն արժևորվել է։ 2026 թվականի մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 368.5 դրամ՝ նախորդ տարվա մայիսի 386.6 դրամի դիմաց։












