FAST-ը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մեկնարկում են նորարարական հետազոտական նախագիծ

Վերջին լուրերը
FAST-ը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մեկնարկում են նորարարական հետազոտական նախագիծ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 18-ին ստորագրել են հաշվողական գյուղատնտեսության ոլորտում հետազոտական ծրագիր իրականացնելու դրամաշնորհի հատկացման պայմանագիր։

Կողմերը համագործակցությունը հաստատում են հիմնադրամի՝ գիտության զարգացմանը միտված ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապերի հաստատմանը՝ հնարավորություն տալով նրանց ձևավորելու նոր խմբեր և աշխատելու միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա: 

Ծրագրի ներքո կիրականացվի «Հաշվողական գյուղատնտեսությունը՝ հանուն Հայաստանում պարենային համակարգերի բարելավման և դիմակայուն քաղաքականության» նորարարական հետազոտական նախագիծը։ Այն մեկնարկում է ընթացիկ տարվա մարտին եւ նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թ․փետրվարին։ Նախագծի գիտական ղեկավարներն են Իլինոյսի համալսարանի Մեխանիկայի և տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը և ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Հետազոտական ծրագրում ներկայում ներգրավված է 4 հետազոտող:  

Գործնական-փորձարարական մասն իրականացնելու համար շահառուներն օգտվելու են Ագրարային համալսարանի համապատասխան լաբորատորիաներից և որպես աշխատանքային տարածք հատկացվելիք այլ ենթակառույցներից։

Միջոցառման ընթացքում Արմեն Օրուջյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և ընդգծեց բուհերի հետ աշխատանքի կարևորությունը՝ FAST-ի գործունեության համատեքստում: «ADVANCE  դրամաշնորհային ծրագիրը նպատակ է հետապնդում ոչ միայն նոր հնարավորություններ ստեղծել տեղացի գիտնականների համար, այլև նպաստել Հայաստանի և արտասահմանի համալսարանների միջև կապերի հաստատմանն ու բուհերի ներուժի հզորացմանը: Բացի այդ՝ մենք ակնկալում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում հաշվողական գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այս հետազոտությունը ճանապարհ կհարթի Հայաստանում գյուղատնտեսության խելացի կառավարման համակարգի զարգացման համար»,-ասաց նա և հավելեց, որ հիմնադրամը առաջնահերթ կարևորություն է տալիս գյուղատնտեսությանն առհասարակ և այս ոլորտում արհեստական բանականության լուծումների օգտագործման հեռանկարին։ 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի իր գործընկերներին համագործակցության այս աննախադեպ հնարավորության համար և շեշտեց, որ բուհը FAST-ի հետ գործակցության հաջողված փորձ ունի. 

«Արդեն չորրորդ ծրագիրն ենք իրականացնում FAST հիմնադրամի հետ, և բոլորն էլ բավականին արդյունավետ են եղել։ Այս մեկն էլ իրականացվում է ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Տվյալ նախաձեռնությունը հնարավորություն  կտա թվային ու տվյալահենք գյուղատնտեսության զարգացման համատեքստում մեր համալսարանում կատարելագործել հաշվողական մոդելավորման ծրագրերը, քանի որ արդի գյուղատնտեսության կառավարման մեջ տվյալների հավաքագրումն ու վերլուծությունն են թույլ տալիս իրականացնել արդյունավետ գյուղատնտեսություն»։ 

FAST-ի աջակցությամբ մեկնարկել եւ հաջողությամբ ընթանում է նաեւ ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի եւ կենսատեխնոլոգիաների ինկուբատորի գործունեությունը:

2021թ․ հիմնադրամը մշակել եւ իրականացրել է «Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում» 6-ամսյա մոդուլը՝ Ագրարային համալսարանի մագիստրանտների եւ հետազոտող գիտնականների համար՝ Բրիտանական խորհրդից ֆինանսավորվող Creative Spark ծրագրի շրջանակում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները