Anthropic ընկերությունը թարմացրել է իր Claude արհեստական բանականության գործիքները՝ ավելացնելով նոր հնարավորություններ, որոնց շնորհիվ այն կարող է ինքնուրույն կատարել առաջադրանքներ օգտագործողի համակարգչում։
Թարմացումից հետո Claude-ը կարող է առանց անմիջական մարդկային մասնակցության բացել ֆայլեր, աշխատել բրաուզերում և գործարկել ծրագրեր՝ հատկապես ծրագրավորման միջավայրում։ Նոր ֆունկցիան արդեն հասանելի է նախնական (preview) տարբերակով Pro և Max վճարովի փաթեթների օգտատերերին, սակայն առայժմ միայն macOS համակարգերի համար։
Օգտագործելու համար անհրաժեշտ է գործարկել Claude-ի դեսքթոփ տարբերակը Mac-ում և այն համաժամեցնել բջջային հավելվածի հետ։ Սկզբում համակարգը փորձում է կատարել առաջադրանքը ուղիղ ինտեգրացիաների միջոցով (օրինակ՝ Slack կամ Google Workspace), իսկ դրանց բացակայության դեպքում կարող է վերահսկել մկնիկը, ստեղնաշարը և էկրանը։
Ընկերությունը նշում է, որ Claude-ը միշտ նախապես կհարցնի օգտատիրոջ հստակ թույլտվությունը՝ նախքան որևէ գործողություն կատարելը:
Թարմացումն առավել արդյունավետ է աշխատում Dispatch ֆունկցիայի հետ համատեղ, որը թույլ է տալիս սմարթֆոնից առաջադրանքներ ուղարկել տնային կամ աշխատանքային համակարգչին, նույնիսկ եթե օգտատերը ֆիզիկապես մոտ չէ սարքին։
Այնուամենայնիվ, Anthropic-ում ընդգծում են, որ տեխնոլոգիան դեռ փորձնական փուլում է։ Բարդ առաջադրանքների համար կարող են պահանջվել մի քանի փորձեր, իսկ «էկրանի միջոցով» կառավարումը ավելի դանդաղ է, քան ուղիղ API ինտեգրացիաների կիրառումը։












