CAIMAN-ը հեռահաղորդակցության ոլորտում ցանցային կառավարման համակարգ է, որն իր նոր մոտեցումներով գալիս է փոխարինելու շուկայում օգտագործվող մի քանի ծրագրերի: Նեղ ոլորտային այս համակարգը թույլ է տալիս ավտոմատացման միջոցով ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը, օրինակ՝ դեռ սկզբնական փուլում հայտնաբերել և լուծել ցանցի հետ կապված առկա խնդիրները, կամ ցանցի կառուցումը իրականացնել ամենաշահավետ ձևով, նվազագույն կորուստներով:
CAIMAN-ը հեռահաղորդակցության օպերատորների (տելեկոմ) համար նախատեսված կոմպլեքս գործիք է, որն առաջարկում է լուծումներ ամենատարբեր խնդիրների համար՝ սկսած աշխատողների մուտքի ու ելքի հարցերից, վերջացրած ավելի գլոբալ խնդիրներով՝ օրինակ սերվերում ինչ սարքավորումներ կան, ինչին է միացրած և ինչ թողունակությամբ: Իսկ այս ամենի հիմքը կազմում է քարտեզագրությունը:
CAIMAN-ի համահիմնադիրները երկուսն են՝ Տիգրան Վարդանյանը և Տիգրան Գրիգորյանը: How2b.am-ը զրուցել է Տիգրաններից Վարդանյանի հետ:
«Գաղափարը ծագել է մոտ ութ տարի առաջ երբ աշխատում էի հեռահաղորդակցության ոլորում: Աշխատելուս ժամանակ տեսա, որ շատ ինտերֆեյսեր կան, բազում ծրագրեր էին օգտագործում, որն իրականում ավելի շատ էր բարդացնում աշխատողի կյանքը, քան օգնում: Հասկանում էի, որ այդ ծրագրերից ոչ մեկը նախատեսված չէ տելեկոմի համար: Օրինակ google քարտեզը չի ստեղծվել, որպեսզի տելեկոմն օգտագործի, այն նախատեսված է ցանկացած մեկի համար, ում անհրաժեշտ է քարտեզ»,- ասաց Տիգրան Վարդանյանը:
Հենց այդ ժամանակ Տիգրանի մոտ միտք առաջացավ գործիքակազմը մաքսիմալ մոտեցնել տելեկոմի պահանջներին ու ստանալ ավելի հարմարավետ պրոդուկտ, գլխավորը՝ մեկ հիմնական ինտերֆեյսով:
«Մի քանի կտոր սարքեցի հստակ մեր ստորաբաժանման համար, հետո այնպես ստացվեց, որ ստորաբաժանման ՕԳԳ-ն բավականին բարձրացավ: Տնօրինությունը տեսավ, գործիքի մի կտորն այլ բաժիններում ներգրավվեց ու որոշակի խնդիրներ փոքր-փոքր կտորներով լուծումներ ստացան»,- ասաց Տիգրանը:
Հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքից դուրս գալուց հետո, Տիգրանը կենտրոնացավ առանձին պրոդուկտի վրա, որը կլինի քարտեզագրության վրա հիմնված տելեկոմ ընկերությունների համար նախատեսված համակարգ: Այն իր մեջ կներառի ticket management, CRM համակարգ, այն ամենն, ինչ տելեկոմն օգտագործում է իր առօրյայում, և որի հիմքը քարտեզագրությունն է:
«Տելեկոմը Ա կետից Բ կետ մալուխներ է անցկացնում, հետո դրանք կառավարում, պլանավորում, թե ոնց պետք է բաժանորդային կապուղիները կառուցվի կամ ինչ զարգացման ճանապարհներ ունի: Այս ամենն ամբողջովին հիմնված է քարտեզագրության վրա: Հայաստանում կան տելեկոմ ու օպերատորներ, որոնք արդեն օգտվում են մեր պրոդուկտից ու մեր միջոցով են իրենց քարտեզագրությունն անում»,- ասաց Տիգրանը:
CAIMAN-ը մինչև հազար բաժանորդ ունեցող փոքր ընկերություններին իր ծառայությունը տրամադրում է անվճար: Նպատակն է, խթանել այդ տեսակ ընկերությունների զարգացմանը: Հայաստանում CAIMAN-ից օգտվող հեռահաղորդակցության օպերատորի համար գործում է արտոնյալ պայմաններ:
«Այդ ընկերությունները հետագայում կարող են դառնալ մեր հաճախորդը: Երբ ցանցը մեծանա, ֆիզիկապես անհնար կլինի հիշել, թե որտեղով ինչ մալուխ է անցնում, իսկ մեկ մալուխի միջով էլ կարող է մինչև ութ հարյուր մանրաթել անցնել: Քանի որ այս ամենը մեծ ցանցի դեպքում հիշելն անհնար է, օգնության ենք հասնում մենք՝ մեր պրոդուկտով»,- ասաց Տիգրան Վարդանյանը:
Կարդացե՛ք նաև՝
- Ավտոմատացնել ավտոմատացումը. Bardeen-ը կխնայի Ձեր ժամանակն ամենօրյա աշխատանքում
- Formula VC՝ Հայաստանում ստեղծված վենչուրային ֆոնդի պատմությունը
CAIMAN-ի հաճախորդները միջին և խոշոր տելեկոմ ընկերություններն են: Հայաստանում չկան խոշոր օպերատորներ, իսկ մեր երկիրն այն քիչ երկրներից է, որ իր ամբողջ տարածքում մանրաթելային կապուղի ունի (տարածքային իմաստով): Հայաստանից դուրս, Վրաստանում, Եգիպտոսում, Շվեյցարիայում CAIMAN-ը հետաքրքրություն է առաջացրել: Նրանց հետ համահիմնադիրները մշտական կապի մեջ են, իրենք էլ պարբերաբար տեղեկանում են հայկական CAIMAN-ի թարմացումներին: Պատրաստ են առաջարկներ լսել, երբ պրոդուկտը վերջնական շուկա դուրս գա: Այս պահին այն բետա փորձարկման փուլում է:
«Պրոդուկտի յուրահատկությունն այն է, որ մեր լոյալությունը շատ բարձր է, այսինքն մենք photo editor չենք, որ ցանկացած վայրկյանից գտնեն նորը, հինը փակեն և անցնեն առաջ: Եթե սկսեն մեր ծրագրով կառուցել իրենց ցանցը, ապա հետո նոր տեղից սկսելը շատ բարդ կլինի: Սկզբում թողնում ենք, որ աշխատեն մեր ծրագրով, ապա ինչ-որ սահման հատելուց հետո, ծառայությունը դառնում է վճարովի»,- ասաց Տիգրանը:
Ընկերությունը մեկ տարի առաջ ստացած ներդրումով արդեն իսկ ձևավորել է կայացած թիմ: Բոլոր 13 աշխատակիցներն աշխատում են Հայաստանում, նրանց մեծ մասը ծրագրավորողներ են: Համահիմնադրի խոսքով, այս պահին, իրենց միակ խնդիրը, որակյալ կադրերի ներգրավումն է:
«Կան ստարտափ ընկերություններ, որոնք ձգտում են մրցանակի: Մեր նպատակները փուլային են, դրանից առաջինն այն է, որ ավարտուն տեսքի հասցնենք մեր պրոդուկտը առաջիկա վեց ամսում: Դրանից հետո պետք է թիրախային շուկան գրավենք, մասնավորապես՝ Աֆրիկայի շուկան, քանի որ օպտիկական ցանցերն այնտեղ նոր են զարգանում: CAIMAN-ն աշխարհի մակարդակով սպեցիֆիկ պրոդուկտ է, իսկ մրցակիցների պրոդուկտները տարիքային առումով մեծ են անգամ CAIMAN-ի համահիմնադրից»,-ասաց Տիգրանը:
CAIMAN-ն առաջարկում է նոր ու հետաքրքիր լուծումներ, ըստ որի կկարողանա մտնել արդեն իսկ մրցակիցներով շուկա ու ձեռք բերել պոտենցիալ հաճախորդներ: Պրոդուկտը տեխնիկապես պատրաստ է աշխատել ամենավերջին տեխնոլոգիաներով:
Կարդացե՛ք նաև՝ «Հայաստանում ես գտա թիմ՝ լավագույն հնարավորություններով». Benivo-ի տնօրեն
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։