Ըստ «staff.am» էկոհամակարգի «Compass» վերլուծական ուղղության կողմից հրապարակված «ՀՀ Աշխատաշուկա 2025» զեկույցի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը 2025 թվականին ցուցաբերել է վերականգնման զգալի նշաններ։ Նախորդ տարվա «զգուշավոր» մոտեցումից հետո ոլորտն այսօր զբաղեցնում է շուկայի 20.2%-ը և շարունակում է մնալ Հայաստանի ամենաբարձր վարձատրվող բնագավառը։
Հիմա ոլորտում ներգրավված է շուրջ 31,250 մասնագետ։ Միջին ամսական անվանական աշխատավարձը (ներառյալ հարկերը) կազմում է 1,187,500 ՀՀ դրամ, ինչը բացարձակ առաջատար ցուցանիշ է Հանրապետությունում։
Ովքե՞ր են ամենաակտիվ գործատուները
ՏՏ ոլորտում հավաքագրման ծավալներով խոշորագույն գործատուները կայուն են իրենց դիրքերում։ 2025 թվականի ամենաակտիվ ընկերություններն են SoftConstruct-ն ու Digitain-ը։
Այս ընկերությունները հանդիսանում են շուկայի խոշորագույն հավաքագրողները։ Ոլորտի ակտիվ գործատուների թվում են միջազգային ընկերությունների հայաստանյան գրասենյակներ, տեղական պրոդուկտային ընկերություններ, որոնք աշխատում են արտաքին շուկաների համար։
Ի՞նչ հմտություններ են պահանջվում
2025 թվականի ամենաակնհայտ միտումը արհեստական բանականության (ԱԲ) ազդեցությամբ նոր հաստիքների և պահանջների ի հայտ գալն է։ Ծրագրավորումը մնում է ամենապահանջված մասնագիտությունը, որին հաջորդում են վաճառքը, մարքեթինգը և նախագծերի կառավարումը։
Անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն են․
- JavaScript / JS Frameworks,
- Generative AI գործիքներ. զգալիորեն աճել է պահանջարկը այնպիսի ուղղությունների նկատմամբ, ինչպիսիք են LangChain, LlamaIndex, OpenAI API,
- ԱԲ մեթոդաբանություններ. գործատուները կարևորում են Prompt Engineering և AI-assisted programming հմտությունները,
- տվյալների կառավարում. պահանջված են Vector databases և RAG pipelines տիրապետող մասնագետները։
Այս փոփոխությունների արդյունքում շուկայում արդեն նկատելի են նոր հաստիքներ՝ Agentic AI Engineer, AI Artist, AI Designer և այլն։
ՏՏ ոլորտում փափուկ հմտությունների առաջնահերթությունները որոշակիորեն փոխվել են։ Եթե նախորդ տարի առաջին տեղում ժամանակի կառավարումն էր, ապա 2025-ին առաջնային պլան է մղվել թիմային աշխատանքը։
Ոլորտում ամենապահանջված փափուկ հմտություններն են.
- թիմային աշխատանքը,
- հաղորդակցությունը,
- ժամանակի արդյունավետ կառավարումը,
- աշխատանքին դրական վերաբերմունքը,
- անկախ աշխատելու կարողությունը,
- ճկունությունը։
Ոլորտն առաջադեմ է, բայց աշխատավարձային անջրպետը տղամարդկանց և կանանց միջև այստեղ էլ է խորը։
Տղամարդկանց միջին աշխատավարձն առաջին անգամ հատել է 1,003,950 դրամի սահմանը։ Այս ցուցանիշը շուրջ 1.6 անգամ գերազանցում է կանանց միջին վարձատրությունը (613,412 դրամ)։












