Հայաստանի բանկերի միության կողմից իրականացված վերլուծությունը պարզ է դարձնում Հայաստանի և Վրաստանի բանկային համակարգերի հիմնական ցուցանիշների և կառուցվածքային առանձնահատկությունների պատկերը 2025 թվականի դրությամբ:
Ըստ տվյալների՝ երկու երկրների բանկային համակարգերն էլ ցուցաբերել են աճի միտումներ, սակայն Վրաստանում կենտրոնացվածության մակարդակն էապես բարձր է. եթե Հայաստանում երեք խոշոր բանկերի՝ Արդշինբանկի (20.8%), Ամերիաբանկի (18.2%) և ԱԿԲԱ բանկի (8.3%) համախառն մասնաբաժինը ակտիվներում կազմել է 47.3%, ապա Վրաստանում երեք առաջատարները՝ Bank of Georgia-ն (39.5%), TBC Bank-ը (36.4%) և Liberty Bank-ը (5.6%) վերահսկում են շուկայի 81.5%-ը:
Տնտեսական ցուցանիշների առումով Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը կազմել է 5,703 մլն դոլար՝ տարեկան աճելով 27.4%-ով, մինչդեռ Վրաստանում այն կազմել է 5,847 մլն դոլար՝ արձանագրելով 15.5% աճ: Ակտիվների մասով Վրաստանը գերազանցում է Հայաստանին 18.3%-ով՝ հասնելով 39,803 մլն դոլարի, իսկ Հայաստանի ցուցանիշը կազմել է 33,640 մլն դոլար՝ տարեկան 21.2% աճով:
Վարկային պորտֆելի կառուցվածքում նույնպես նկատվում են հետաքրքիր տարբերություններ. Հայաստանում վարկերի զգալի մասը՝ 55.5%-ը, տրվել է իրավաբանական անձանց, իսկՎրաստանում գերակշռում են ֆիզիկական անձանց տրված վարկերը՝ կազմելով ընդհանուր պորտֆելի 53.0%-ը:
Երկու երկրներում էլ վարկավորման առաջատար ուղղություններն են սպառողական և հիփոթեքային վարկերը, որոնք Հայաստանում կազմում են համապատասխանաբար 23.2% և 21.3%, իսկ Վրաստանում՝ 20.7% և 18.9%: Ընդհանուր վարկային պորտֆելի ծավալով Վրաստանը 31.1%-ով առաջ է Հայաստանից՝ ունենալով 27,051 մլն դոլարի պորտֆել, սակայն Հայաստանն ապահովել է աճի ավելի բարձր տեմպ՝ 27.9%: Ավանդների ոլորտում ևս Վրաստանն ունի ծավալային առավելություն (25,565 մլն դոլար), որը 30.7%-ով գերազանցում է հայաստանյան ցուցանիշը (19,554 մլն դոլար):
Ֆինանսական արդյունավետության տեսանկյունից 2025 թվականը երկու համակարգերի համար էլ եղել է շահութաբեր: Հայաստանի բանկային համակարգն ապահովել է 1,088 մլն դոլարի զուտ շահույթ (աճը՝ 18.3%), իսկ Վրաստանը՝ 1,227 մլն դոլար (աճը՝ 10.9%): Հետաքրքիր է, որ ակտիվների եկամտաբերության ցուցանիշը (ROA) երկու երկրներում էլ հավասարվել է՝ կազմելով 3.6%, մինչդեռ կապիտալի եկամտաբերությունը (ROE) Վրաստանում փոքր-ինչ բարձր է եղել՝ 24%՝ Հայաստանի 22.5%-ի դիմաց:












