Մրցակցության հարցերով եվրոպական հանձնակատար Մարգրետ Վեստագերը հայտնել է, որ Apple-ը «շատ լուրջ» խնդիրներ ունի՝ համապատասխանելու ԵՄ-ի համընդհանուր կանոններին, որոնք ուղղված են խոշոր տեխնոլոգիական ընկերություններին զսպելուն, գրում է CNBC-ին։
Պաշտոնյան այսպես է մեկնաբանել այն լուրերին, թե եվրոպական կարգավորող մարմինները պատրաստում են Apple-ին պատասխանատվության ենթարկել Թվային շուկաների մասին օրենքը (DMA) չկատարելու համար:
Հիշեցնենք, որ մարտին Եվրահանձնաժողովը նախաձեռնեց Apple-ի, Alphabet-ի և Meta-ի աուդիտ՝ պարզելու դրանց համապատասխանությունը DMA-ի պահանջներին: Աուդիտը ցույց է տվել, որ Apple-ն իսկապես որոշակի խնդիրներ ունի, մասնավորապես, ընկերությունը թույլ չի տալիս հավելվածներ ստեղծողներին App Store-ից դուրս՝ ավելի ցածր գներով, թվային ապրանքներ ձեռք բերելու հնարավորությունների մասին հաղորդել կամ բաժանորդագրություններ ստանալ՝ առանց Apple-ին վճարելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրյուսելը պատրաստվում է Apple-ին տուգանել DMA-ի համաձայն՝ աուդիտի արդյունքների հիման վրա։ Մեղադրանքները կլինեն նախնական, և Apple-ը հնարավորություն կունենա միջոցներ ձեռնարկել կարգավորող մարմինների մտահոգությունները վերացնելու համար:
Եթե պարզվի, որ ընկերությունը խախտել է DMA-ի պահանջները, այն կարող է ենթարկվել տուգանքի՝ իր ընդհանուր համաշխարհային շրջանառության մինչև 10%-ի չափով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: