Կիսահաղորդիչների և պրոցեսորների արտադրությամբ համաշխարհային առաջատար Advance Micro Devices (AMD) ամերիկյան խոշորագույն ընկերությունը մտադիր է գործունեությունն ընդլայնել Հայաստանում, այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
Դեռ 2 շաբաթ առաջ ընկերության ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան։ Նրանց ներկայացվել էր պետական ծրագիրը, որով նախատեսվում է սուբսիդավորել գիտնականների և համաշխարհային հայտնի բուհերի այն շրջանավարտների աշխատավարձի մի մասը, ովքեր աշխատանքի կտեղավորվեն հայաստանյան ընկերություններում և ուսումնական հաստատություններում։
Ըստ ծրագրի՝ կառավարությունը կսուբսիդավորի համաշխարհային բուհերի շրջանավարտ-մասնագետների աշխատավարձի մինչև 20%-ը, գիտական հետազոտությունների հետ կապված ընկերություններում պաշտոններ զբաղեցնող, գիտությունների դոկտորի կոչում (PhD) ունեցող գիտնականների աշխատավարձի մինչև 50%-ը, բուհերի հրավիրված դասախոսների աշխատավարձերի մինչև 70%-ը։
Նախարարի խոսքով՝ ընկերությունը ոգևորված է պետական ծրագրով և պատրաստ է Հայաստան բերել այնպիսի մասնագետների, ովքեր կդասավանդեն բուհերում և նաև կմշակեն ուսումնական ծրագրեր անհրաժեշտ մասնագետների պատրաստման համար։
Այս պահին ընկերության տեղի ներկայացուցչությունում աշխատում են 90 աշխատակիցներ և ընկերությունը պատրաստվում է ընդլայնել գործունեությունը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։