ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել 2026 թվականի ամառային զորակոչի ենթակա երիտասարդների համար: Նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումն ու զորակոչիկների մասնագիտական կարողությունների արդյունավետ կիրառումը պարտադիր ծառայության ընթացքում:
Մրցույթին կարող են մասնակցել ռոբոտատեխնիկայի, մեքենայական ուսուցման, տվյալների ճարտարագիտության, վերլուծության և վիճակագրության ուղղություններով մասնագիտացում ունեցող անձինք։ Ընտրությունը հաջողությամբ անցնելու դեպքում նրանք իրենց ժամկետային զինվորական ծառայությունը կանցնեն ՊՆ «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության և գիտական դասակներում։
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև հուլիսի 9-ը ներառյալ գրանցվեն 1991.mil.am կայքում: Լրացուցիչ հարցերի համար գերատեսչությունը տրամադրել է [email protected] էլեկտրոնային փոստն ու 1-28 հեռախոսահամարը:











