Հայաստանում կձևավորվի էներգետիկ անցման հաբ՝ Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանում տեղի է ունեցել «Էներգետիկայի ապագան Հայաստանում» ֆորումը։ Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի, ՀՀ ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էլեկտրական ցանցերի, միջազգային զարգացման և ներդրումային կառույցների, տեղական ֆինանսական կառույցների, գործարար համայնքի, հիմնադրամների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Ոլորտային առաջին ֆորումն իրականացրել է Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան։ 

Ֆորումին քննարկվել են վերականգնվող էներգետիկայի արագ զարգացումը, արևային կայանների աճը, էլեկտրաէներգիայի պահանջարկի փոփոխվող կառուցվածքը, ցանցային ինտեգրման խնդիրները և կուտակիչ համակարգերի անհրաժեշտությունը, որոնք Հայաստանի առաջ ձևավորել են նոր օրակարգ․ էներգետիկ անցումը պետք է ոչ միայն խրախուսել, այլև համակարգել և կառավարել։

Ֆորումի հիմնական ուղերձը հստակ այն էր, որ Հայաստանի էներգետիկ ապագան չի կարող կառուցվել ինքնահոս շուկայի, հատվածական որոշումների կամ առանձին նախաձեռնությունների վրա։ Այն պահանջում է միասնական օրակարգ, կանխատեսելի կարգավորում և ոլորտի բոլոր դերակատարների միջև ինստիտուցիոնալ համագործակցություն։

Ֆորումի ընթացքում շեշտվեց՝ ԱԷՀԱ-ն ստեղծվել է որպես արևային էներգետիկայի ոլորտը համախմբող մասնագիտական կառույց և այժմ՝ մեկ տարի անց, հայտարարում է զարգացման երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ արևային էներգետիկայի ոլորտային ասոցիացիայից դառնալով Հայաստանի էներգետիկ անցման հաբ։

Զարգացման երկրորդ փուլում ԱԷՀԱ-ի շուրջ կհամախմբվեն տեխնոլոգիական կրթական կառույցների, կուտակիչ համակարգերի, էլեկտրամոբիլության, ֆինանսական կառույցների, հիդրոէներգետիկայի և փոքր ՀԷԿ-երի ոլորտում գործող գործընկերները։  Հաջորդ փուլերով նախատեսվում է ներգրավել նաև էներգաարդյունավետության, կանաչ շինարարության, հողմային էներգետիկայի, ինժեներական, կրթական և տեխնոլոգիական ուղղությունները ներկայացնող կազմակերպություններին։

ԱԷՀԱ-ի նպատակը մեկ հարթակում Հայաստանի էներգետիկ ամբողջական արժեքային շղթայի ձևավորումն է՝ արտադրությունից մինչև կուտակում, ցանցային ինտեգրումից մինչև ֆինանսավորում, կարգավորումից մինչև կրթություն և շուկայի զարգացում։

«Հայաստանի էներգետիկ անցումն այլևս ապագայի հարց չէ․ այն տեղի է ունենում հիմա։ Մեր խնդիրն է, որ այդ անցումը չլինի հատվածական, անկանխատեսելի կամ միայն առանձին ընկերությունների մակարդակով։ Այն պետք է ունենա միասնական հարթակ, որտեղ շուկայի խնդիրները բարձրաձայնվում են, վերածվում օրակարգի և տարվում դեպի գործնական լուծումներ։ ԱԷՀԱ-ի զարգացման երկրորդ փուլը հենց այս հանձնառության մասին է», —  ֆորումի ընթացքում իր ելույթի խոսքում նշել է ԱԷՀԱ տնօրեն Ջուլիետա Սիմոնյանը։

Ֆորումին առանձնահատուկ շեշտադրվեց այն թեզը, որ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ․ վերականգնվող էներգետիկայի աճը կարող է մնալ որպես առանձին շուկայական գործընթաց կամ վերածվել երկրի էներգետիկ անկախության և տնտեսական դիմադրողականության ռազմավարական հիմքի։ Եվ այս համատեքստում հայտարարվել է ոչ միայն իր զարգացման, այլ Հայաստանի համար կարևոր ազգային հարցի շուրջ հանձնառության մասին՝ ինչպես ձևավորել անվտանգ, անկախ, կանխատեսելի և ներդրումային առումով գրավիչ էներգետիկ համակարգ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները