Գագարին գյուղում բացվեց Eleveight AI արհեստական բանականության գործարանը

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։
  • Հայաստանը դարձավ տարածաշրջանի առաջին երկիրը, որտեղ գործարկվում է NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող AI գործարան
  • Տվյալների կենտրոնը հիմա աշխատում է 512 Blackwell Ultra GPU-ներով, իսկ մինչև տարեվերջ դրանց թիվը կհասնի 1024-ի։ 
  • Հայաստանը պաշտոնապես միանում է այն երկրների շարքին, որոնք ունեն ԱԲ  համար նախատեսված սեփական բարձր արտադրողականությամբ ենթակառուցվածք
  • Eleveight AI-ը նախատեսում է իր հաշվարկային հզորությունների 20%-ը տրամադրել հայկական համալսարաններին, հետազոտական կենտրոններին և ոչ առևտրային նախաձեռնություններին։
  • Հայաստանի կառավարությունն ու Eleveight AI-ը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ AI ռեսուրսների օգտագործման և երկրի ներսում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման համար
Գագարին գյուղում բացվեց Eleveight AI արհեստական բանականության գործարանը

Առաջին AI գործարանը՝ Հայաստանում պաշտոնապես բացված է

Eleveight AI-ի նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։

«Արհեստական բանականության դարաշրջանում հաշվողական հզորությունը դարձել է ռազմավարական ենթակառուցվածք։ Հայաստանը պետք է ոչ միայն հետևի այս փոփոխություններին, այլ նաև մասնակցի դրանց ձևավորմանը։ Eleveight AI-ը ստեղծվել է հենց այդ նպատակով՝ տարածաշրջանում կառուցելու համաշխարհային մակարդակի AI ենթակառուցվածք, դնելով Հայաստանին գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա», նշում է ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։

«Երազում ենք այն մասին, որ Հայաստանը դառնա արհեստական բանականության գործարանների պարտեզ»,-բացման խոսքում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նրա՝ այս տեսլականը Հայաստանի համար շատ իրատեսական է ու մոտ։

Տեխնոլոգիական թռիչքը սկսվում է Գագարին գյուղից։ Այսպես՝ Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրների շարքին՝ ներկայանալով աշխարհի տեխնոլոգիական առաջատարների կողքին։

Նախագծի առաջին փուլի ներդրումը 120 միլիոն դոլար է։ Այս ենթակառուցվածքը կառուցվել է NVIDIA Reference Architecture ստանդարտներով, ինչը նշանակում է, որ միջազգային տեխնոլոգիական ընկերությունները և հետազոտական թիմերը կարող են իրենց AI նախագծերը տեղափոխել և գործարկել Հայաստանում՝ առանց տեխնիկական ինտեգրման լրացուցիչ խնդիրների։

Նախարարի խոսքով՝ Հայաստանն ունի էներգետիկ, թվային և մարդկային մեծ ներուժ, սակայն առաջընթացի համար կարևոր էր հասանելիությունը բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներին և աշխարհի առաջատար տեխնոլոգիաներին։ Սա պահանջում էր նաև ռազմավարական մակարդակի համագործակցություն տեխնոլոգիական առաջատար երկրների հետ։ 2025 թվականի օգոստոսի 8-ը կարելի է դիտարկել որպես շրջադարձային պահ՝ Հայաստանի համար նոր տեխնոլոգիական դարաշրջանի մեկնարկ։

Պետական կառույցների ներկայացուցիչները, տեխնոլոգիական ոլորտի առաջնորդները և միջազգային գործընկերները հնարավորություն ունեցան առաջինը ծանոթանալ տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, նախքան դրա պաշտոնական գործարկումը:

Գագարին գյուղում բացվեց Eleveight AI արհեստական բանականության գործարանը

Հուշագիր Կառավարության հետ

Կառավարությունն ու Eleveight AI ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցություն սկսելու նպատակով։ Հուշագրի համաձայն՝ կառավարությունը նախատեսում է հետագայում համագործակցել ինչպես AI ռեսուրսների վարձակալության, այնպես էլ տարբեր տեխնոլոգիական ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։ Առաջիկայում նախատեսվում են նաև ավելի կոնկրետ քննարկումներ պետական գերատեսչությունների և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է այդ ռեսուրսների մի մասը ուղղել Հայաստանի ներսում կոնկրետ կարիքների լուծմանը։

«Հաշվողական ռեսուրսների պահանջարկը չի պակասում աշխարհում և բիզնեսը գրագետ կառավարելու պարագայում այս փուլում գոնե թե դժվարությամբ եմ պատկերացնում տվյալային կենտրոն, որ հաճախորդի խնդիր ունենա աշխարհի մակարդակով։ Բայց որպես հայկական ընկերությունը Eleveight AI-ը առաքելություն ունի ներքին տեխնոլոգիական համայնքի առաջ։ Եվ այսօրվա փոխըմբռնման հուշագիրը, որ մենք ստորագրում ենք, նախ և առաջ դրա վկայությունն է, որ մենք նույն ալիքի վրա ենք»,-նշել է ԲՏԱ նախարարը։

Eleveight AI-ը նախատեսում է իր ընդհանուր հաշվարկային հզորության 20%-ը հասանելի դարձնել հայկական համալսարանների, հետազոտական կենտրոնների և ոչ առևտրային նախաձեռնությունների համար։ Սա նպատակ ունի խթանել տեղական տաղանդի զարգացումը, գիտական հետազոտությունները և նորարարական նախագծերը։

Արման Ալեքսանյանը նշել է․ «Շատ կարևոր է, օրինակ, հայերեն լեզվով տեքստից ձայն և հակառակը, կիրառելի մոդել ունենանք, ոչ թե էքսպերիմենտալ, այլ որ իրական կյանքում հնարավոր է կիրառել և այլն։ Եվ քանի որ ամեն ինչ շատ արագ է զարգանում և փոխվում, պետք է ինչ-որ հայեցակարգ ունենանք, որ կարողանանք պլանավորել, թե ի՞նչ ուղղություններով կարող ենք համագործակցել, ինչի՞ն է պետք առաջնահերթություն տալ»։

Այս համագործակցությունը ավելի լայն տեսլականի մաս է, որի շրջանակում Հայաստանը պետք է աստիճանաբար վերածվի ոչ միայն տեխնոլոգիաների սպառողի, այլ նաև արտադրողի և արտահանողի։

Գագարին գյուղում բացվեց Eleveight AI արհեստական բանականության գործարանը

Թվերի մասին

Eleveight AI-ի հիմնադիր Արման Ալեքսանյանը հիշեց իր առաջին Pentium 486 համակարգիչը։ Իսկ խորհրդի անդամ Դավիթ Աբովյանը ավելացրեց, ստուգել է՝ այս սուպերհամակարգչային կենտրոնը դրանից մոտ 100 միլիարդ անգամ ավելի հզոր է։

Այս պահին ԱԲ գործարանն ունի 512 B300 GPU, և մինչև տարեվերջ դրանց քանակը կհասցնի 1024-ի։ Հաշվարկային հզորությունը կազմում է մոտ 15.4 էքսաֆլոպս (exaflops)։

Նման հզորության սուպերհամակարգչային կենտրոնը կարող է համեմատվել ու մի միայն մի փոքր զիջել Եվրոպայի ամենամեծ տվյալների կենտրոնի հետ։ B300 սերնդի GPU-ները ունիվերսալ GPU-ներ են, որոնք կարող են իրականացնել թե՛ training, թե՛ inference, այսինքն՝ մոդելների և GPT մոդելների գործարկում։ Դրանք ավելի շատ կիրառություններ ունեն, և տարբեր ոլորտների ավելի շատ հաճախորդներ կարող են ներգրավվել ու իրականացնել իրենց աշխատանքները։ Այսինքն՝ խոսքը ոչ թե հզորության մասին է, ավելի շատ՝ ունիվերսալության։

Ակտիվ հզորությունը 1.2 մեգավատ է։ Ընդհանուր առմամբ տվյալների կենտրոնը կառուցված է 1.5 մեգավատտ հզորությամբ, բայց ակտիվ սպառումը կազմում է մոտ 1-1.2 մեգավատտ։ Սա նշանակում է, որ այն տարածաշրջանի ամենախիտ տվյալների կենտրոնն է։ Համեմատության համար՝ եթե դիտարկենք բանկերի միջին տվյալների կենտրոնները, դրանք կարող են ունենալ մոտ 300-500 կիլովատ հզորություն, մինչդեռ Eleveight AI-ը կարող է իր մեջ ներգրավել միանգամից մի քանի նման խոշոր կառույցների հաշվարկային բեռը։

Օգտագործվում են նորարարական հոսանքի գեներատորներ, որոնք կոչվում են DRUPS (Diesel Rotary Uninterruptible Power Supply), մարտկոցային UPS-ների փոխարեն, ինչի շնորհիվ գործարանը չի թողնում ոչ մի քիմիական հետք։

«1.5 մեգավատ հզորության դեպքում անհրաժեշտ կլիներ շատ մեծ մարտկոցային ենթակառուցվածք՝ այդ ամենը սպասարկելու համար, մինչդեռ մենք օգտագործում ենք կինետիկ էներգիայի վրա հիմնված համակարգ»,- նշում է տեխնիկական տնօրեն Գարեգին Մարգարյանը։

Հովացման համակարգը հիբրիդային է՝ օդով և հատուկ հեղուկի միջոցով։ Նախարարն ու Արման Ալեքսանյանը հատուկ նշում են՝ Սևանա լճից ջուր չեն վերցնելու։

Գարեգին Մարգարյանը նշում է՝ Գագարինում կլիման բավական ցուրտ է, տարվա 8-11 ամիսների ընթացքում կարողանում են հովացնել համակարգերը գրեթե առանց լրացուցիչ էներգիայի ծախսի։ Տաք օդը հեռացվում է սրահից, ջերմությունը փոխանցվում է հեղուկին, այնուհետև դուրս է բերվում արտաքին հովացման համակարգերի միջոցով։ Դրսում տեղադրված են խոշոր հովացման կայաններ, որոնք շատ դեպքերում պարզապես արտաքին օդի միջոցով են ապահովում անհրաժեշտ սառեցումը։

Հաջորդ սերնդի համակարգերում արդեն օգտագործվելու են հեղուկային խողովակաշարեր։ Հեղուկը շրջանառվելու է սարքավորումների ներսում և հեռացնելու է ջերմությունը, ու ակտիվ օդ փչող համակարգերի անհրաժեշտությունը զգալիորեն կնվազի։

Սա ոչ թե ավելի բարձր հզորություն է ապահովում, այլ ավելի մեծ արդյունավետություն և հնարավորություն է տալիս ավելի խիտ տեղակայել սարքավորումները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները