2026 թվականի մայիսի 11-ից Թուրքիան պաշտոնապես հանել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի իրավական սահմանափակումները։ Թուրքիայի ԱԳՆ-ն ավարտել է օրենսդրական փոփոխությունները, որոնցով Հայաստանը ներառվել է թուրքական արտադրանքի ներմուծող երկրների ցանկում։
Մինչ այս կարգավորումը, թուրքական օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես ապրանքի վերջնական նպատակակետ։ Սա ստիպում էր հայկական բիզնեսին օգտվել միջնորդավորված սխեմաներից և ձևակերպել «կեղծ տարանցում» երրորդ երկրների, հիմնականում՝ Վրաստանի միջոցով։ Նման վերաձևակերպումները հանգեցնում էին լրացուցիչ ֆինանսական ծախսերի և վարչարարական բարդությունների։
Նոր կանոնակարգով գործարարներն արդեն կարող են մաքսային փաստաթղթերում որպես ելակետ կամ վերջնական նպատակակետ ուղղակիորեն նշել «Հայաստան» կամ «Թուրքիա»։ Ռուբեն Ռուբինյանի պարզաբանմամբ՝ սա վերաբերում է թե՛ Հայաստանից երրորդ երկրով Թուրքիա ուղարկվող, թե՛ հակառակ ուղղությամբ եկող բեռներին։ Ըստ էության, մաքսային ձևակերպումների մակարդակում առևտուրը դառնում է ուղիղ՝ վերացնելով միջնորդ սխեմաների անհրաժեշտությունը։
Զուգահեռաբար ընթանում են տեխնիկական աշխատանքներ Գյումրի-Կարս երկաթուղու և ցամաքային սահմանի բացման ուղղությամբ, ինչը հետագայում թույլ կտա կրճատել նաև լոգիստիկ ծախսերը։ Այս պահին, սակայն, փոփոխությունը վերաբերում է բացառապես մաքսային ձևակերպումների պարզեցմանը և բիզնեսի համար հավելյալ ծախսերի կրճատմանը։












