Հայաստանի խոշոր հարկատուները 2026-ի առաջին եռամսյակում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Ըստ պաշտոնական տվյալների՝ հարկատուների առաջին հազարյակը պետական բյուջե է վճարել ընդհանուր 464,420,150 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2025թ. I եռամսյակ՝ 409,353,472 հազար դրամ) արձանագրվել է հարկային մուտքերի շուրջ 13.4% աճ:

Տասնյակի մասնակիցները և առանցքային տեղաշարժերը

2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ «Մոբայլ Սենթր Արթ»-ը շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը՝ պետբյուջե վճարելով ավելի քան 21.3 մլրդ դրամ։ Առևտրի ոլորտի ընդլայնման միտումն ամրապնդում է նաև «Վայլդբերրիզ»-ը (ցանկում ներկայացված է որպես «ԻՄՎԲԱՄ»), որը շուրջ 6.8 մլրդ դրամի հարկերով բարձրացել է 6-րդ հորիզոնական։ Այս երկու ընկերությունների դիրքերը փաստում են ինչպես ներքին սպառման, այնպես էլ վերաարտահանման շարունակական աճը, որը հարկային մուտքերի ապահովման տեսանկյունից սկսել է մրցակցել էներգետիկ և արդյունաբերական հսկաների հետ։

Ցանկի վերնամասում իրենց դիրքերն են պահպանում տնտեսության ավանդական խոշոր խաղացողները։ Երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 19.7 մլրդ դրամի հարկային վճարումներով, իսկ եռյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ պետբյուջե փոխանցելով շուրջ 15.4 մլրդ դրամ։ Արտադրական հատվածի խոշոր հարկատուներից տասնյակում ներկայացված է նաև «Գրանդ Տոբակո»-ն (4-րդ տեղ)։ Տասնյակի մյուս մասնակիցների թվում են սպառողական շուկայի խոշոր ներկայացուցիչ «Սիթի»-ն (9-րդ տեղ) և հանքարդյունաբերական «Թեղուտ» ընկերությունը, որը եզրափակում է առաջին տասնյակը։

Տեխնոլոգիական և խաղային ոլորտում արձանագրվել է ուշագրավ տեղաշարժ. «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը կտրուկ առաջընթաց է գրանցել՝ շուրջ 8 մլրդ դրամի հարկերով բարձրանալով 5-րդ հորիզոնական և շրջանցելով իր ոլորտային մրցակից «Դիջիթեյնին»։ Վերջինս, իր հերթին, շարունակում է կայուն պահել նախորդ տարվա բարձր դիրքերը՝ 6.7 մլրդ դրամի ցուցանիշով զբաղեցնելով 7-րդ տեղը։ Այս երկու ընկերությունների ներկայությունը տասնյակում ընդգծում է ՏՏ և ժամանցի ոլորտի աճող դերակատարությունը Հայաստանի հարկային եկամուտների ձևավորման հարցում։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի բանկային հատվածի ցուցանիշը. այս տարվա առաջին եռամսյակի գլխավոր անակնկալը խոշորագույն տասնյակում բանկերի բացակայությունն է։ Չնայած սրան՝ ֆինանսաբանկային համակարգը շարունակում է մնալ բյուջեի հիմնական սնուցողներից մեկը։ Ոլորտի առաջատարը Ամերիաբանկն է, որը 4.8 մլրդ դրամի հարկերով զբաղեցնում է ընդհանուր ցանկի 13-րդ հորիզոնականը։ Բանկերի մեջ երկրորդը Արդշինբանկն է (17-րդ տեղ), իսկ Ակբա բանկը, ինչպես և ընդունված է բանկային ոլորտի գրեթե բոլոր վարկանիշային աղյուսակներում, այստեղ ևս եզրափակում է առաջատար եռյակը (18-րդ տեղ)։

Խոշոր հարկ վճարողների աշխարհագրական բաշխվածությունը

Աշխարհագրական բաշխվածության տեսանկյունից պատկերը շարունակում է մնալ խիստ անհամաչափ. խոշոր հարկատուների ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է մայրաքաղաքում։ 1000 խոշորների վճարած ընդհանուր հարկերի շուրջ 82%-ը բաժին է ընկնում Երևանում գրանցված ընկերություններին։

Մարզերի մեջ միակն ու անփոփոխը Սյունիքն է, որն իր կշռով զգալիորեն առաջ է մյուսներից։ Սա հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերական հսկաների՝ «Զանգեզուրի ՊՄԿ»-ի և «Կապանի ԼՀԿ»-ի գործունեությամբ։ Սյունիքին հաջորդում են Կոտայքի և Արարատի մարզերը, որտեղ կենտրոնացված են վերամշակող արդյունաբերության և էներգետիկայի ոլորտի մի շարք խոշոր ձեռնարկություններ։ Մնացած մարզերի ներկայացվածությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները