Համագործակցության հուշագիր է կնքվել «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Իվենթ Ընդ Էքսպո Գրուփ» ՍՊԸ-ի միջև։ Փաստաթուղթը ստորագրել են «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և «Իվենթ Ընդ Էքսպո Գրուփ» ՍՊԸ-ի համահիմնադիր-տնօրեն, e-Logi Fest միջոցառման կազմակերպիչ Քրիստինա Երեմյանը։
Հուշագրի շրջանակում Հայաստանի ազգային փոստային օպերատորը հանդես կգա որպես e-Logi Fest միջոցառման հիմնական գործընկեր։
Կողմերը միավորում են իրենց ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և տարածաշրջանի լոգիստիկայի ու էլեկտրոնային առևտրի ոլորտների զարգացմանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված նորարարական լուծումների, ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության խթանմանը։

Անդրադառնալով համագործակցությանը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը նշեց․
«Մեզ համար կարևոր է լինել այնպիսի նախաձեռնությունների կողքին, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը, նորարարական լուծումների առաջխաղացմանը և գործարար կապերի ամրապնդմանը։ Այս տարի e-Logi Fest-ին մեր մասնակցությունը ևս մեկ հնարավորություն է՝ ներկայացնելու «Հայփոստ» ՓԲԸ-ի ծառայություններն ու մեր տեսլականը ոլորտի մասնակիցներին և լայն հանրությանը»։
Կողմերը վստահություն են հայտնել, որ համագործակցությունը կնպաստի միջոցառման հաջող իրականացմանը և ոլորտային երկխոսության հետագա զարգացմանը։
Տեսանյութը՝ դիտե՛ք այստեղ












