OpenAI-ը կփակի տեսանյութերի գեներացման Sora ծառայությունը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը նախատեսում է փակել իր վիդեոգեներացիայի ծառայությունը՝ Sora-ն, ինչպես նաև խզել շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը The Walt Disney Company-ի հետ, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Sora-ի թիմը այս մասին հայտնել է X հարթակում՝ չբացահայտելով փակման պատճառները։ Նրանք նշել են, որ ավելի ուշ կներկայացնեն թե՛ փակման ժամկետները, թե՛ այն, թե ինչպես օգտատերերը կարող են պահպանել իրենց ստեղծած վիդեոները։

Ըստ Cnet-ի՝ ընկերությունը որոշել է կենտրոնանալ ռոբոտաշինության համար «աշխարհի սիմուլյացիայի» հետազոտությունների վրա։ Միևնույն ժամանակ, Reuters-ի աղբյուրների համաձայն, Sora-ի աշխատակիցները նախապես չեն տեղեկացվել այս որոշման մասին և այն համարել են անակնկալ։

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, այս քայլը կապված է OpenAI-ի բիզնես ռազմավարության փոփոխության հետ․ ընկերությունը կենտրոնանում է ծրագրավորման գործիքների զարգացման վրա՝ սպասվող IPO-ից առաջ։ Նշվում է նաև, որ ChatGPT-ում կարող են դադարեցվել վիդեոգեներացիայի հնարավորությունները։

Բացի այդ, Financial Times-ի տվյալներով, կխզվի նաև The Walt Disney Company-ի հետ գործարքը, որի շրջանակում Sora-ում պետք է հայտնվեին Disney, Marvel, Pixar և «Star Wars» ֆրանշիզաների կերպարները։

Լրատվամիջոցների գնահատմամբ՝ Sora-ն բախվել է ցածր պահանջարկի և բարդ տնտեսական պայմանների հետ։

Հիշեցնենք, որ Sora-ն ներկայացվել էր 2024 թվականի փետրվարին, իսկ 2025-ի սեպտեմբերին թողարկվել էր Sora 2 տարբերակը և iOS հավելվածը։ Սկզբում հասանելիությունը տրամադրվում էր միայն հրավերով, սակայն հետագայում սահմանափակումները հանվել էին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները