NVIDIA ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգ-ը, Լեքս Ֆրիդման-ի փոդքասթի նոր թողարկման ժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, մարդկությունը արդեն հասել է AGI-ի՝ արհեստական ընդհանուր ինտելեկտի մակարդակին։
«Կարծում եմ՝ հենց հիմա է․ կարծում եմ՝ մենք արդեն հասել ենք AGI-ի»,- ասել է նա։ Սակայն միաժամանակ ընդգծել է, որ նման համակարգերը դեռևս չեն կարող իրականացնել NVIDIA-ի չափի ընկերություն ստեղծելու և կառավարելու մակարդակի բարդ խնդիրներ։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ֆրիդմանը առաջարկել է AGI-ն սահմանել որպես համակարգ, որը կարող է ինքնուրույն ստեղծել և զարգացնել առնվազն $1 մլրդ արժողությամբ տեխնոլոգիական ընկերություն։ Հուանգը համաձայնել է, սակայն նշել, որ այսօրվա AI մոդելները կարող են առավելագույնը ստեղծել կարճաժամկետ հաջողություն ունեցող թվային բիզնեսներ՝ օրինակ՝ վեբ ծառայություն, որը արագ կգնա viral և կստանա եկամուտ, բայց չի կարող երկարաժամկետ պահպանել և զարգացնել այն։
Որպես հիմնավորում նա նշել է գործակալային (agent-based) համակարգերի զարգացումը, օրինակ՝ OpenClaw-ը, որոնք արդեն կարող են պլանավորել, օգտագործել գործիքներ, ստեղծել ենթագործակալներ և կատարել բարդ բազմաքայլ առաջադրանքներ։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, հաշվողական ծանրաբեռնվածության հիմնական աճը գալիս է ոչ թե ուսուցումից, այլ կիրառման փուլից (inference), քանի որ reasoning-ը և գործակալների աշխատանքը պահանջում են մեծ ռեսուրսներ և ստեղծում են նոր տվյալներ։
Այնուամենայնիվ, Հուանգը հստակ սահմանափակումներ է տեսնում․ նրա գնահատմամբ՝ սցենարը, որտեղ 100,000 AI գործակալներ կարող են միասին ստեղծել և զարգացնել NVIDIA-ի մակարդակի ընկերություն, ունի գրեթե զրոյական հավանականություն։ Խնդիրը միայն տեխնիկական չէ․ մատակարարման շղթաների կառավարումը, թիմերի ղեկավարումը և անորոշ պայմաններում ռազմավարական որոշումներ ընդունելը դեռ մնում են մարդկանց դաշտում։












