Հարկային կարգավորումների վերանայում․ ՊԵԿ-ը ներկայացրել է նոր նախագիծ

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն նպատակ ունի կարգավորելու օրենսգրքի կիրառման ընթացքում ի հայտ եկած գործնական խնդիրները և իրականացնել մի շարք համակարգային բարեփոխումներ։

Օրենքի նախագծով առաջարկվում են հետևյալ փոփոխությունները՝

  • ընդլայնվում են ապրանքների վերադարձի դեպքում գործարքների ճշգրտման հնարավորությունները՝ ընդգրկելով բոլոր այն իրավիճակները, երբ ապրանքը ենթակա է վերադարձի։ Գործող կարգավորումներով որոշ դեպքերում նման հնարավորություն չկա․ օրինակ՝ պիտանիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում այն ձևակերպվում է որպես հետվաճառք, այսինքն՝ գրանցվում է առանձին գործարք։ Սա հավելյալ բարդություններ է ստեղծում հարկ վճարողի համար և խաթարում գործարքի տրամաբանությունը։
  • հստակեցվում է ճշգրտումների արդյունքների արտացոլման կարգը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում՝ ճշգրտման հաշվետու ժամանակաշրջանում ներառելով ոչ միայն հարկային հաշիվներով, այլև այլ հաշվարկային փաստաթղթերով (ներառյալ ՀԴՄ կտրոններով) կատարված ձեռքբերումների վերադարձները։ Նախատեսվում է, որ այդ արդյունքները կարտացոլվեն հենց ճշգրտման ժամանակաշրջանում՝ ապահովելով միասնական մոտեցում տարբեր փաստաթղթերով ձևակերպված վերադարձների համար։ Միաժամանակ, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունների ավելացման մասով գործող կարգավորումները չեն փոխվում։
  • հստակեցվում է նաև գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից՝ մինչև ԱԱՀ շեմը, գյուղատնտեսական արտադրանքի և այլ գործարքների դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման կարգը։
  • վերանայվում և ավելի հստակ սահմանվում են ԱԱՀ-ից ազատման արտոնությունների կիրառման դեպքերը, այդ թվում՝ պետական տուրքի և համայնքներին ուղղվող նվիրատվությունների մասով։
  • պարզեցվում են ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ԱԱՀ պարտավորությունների հաշվարկման և վճարման ընթացակարգերը՝ կիրառելով էլեկտրոնային ծառայությունների համար արդեն գործող մեխանիզմները։
  • վերանայվում է ԵՏՄ անդամ պետություններից դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների ներմուծման դեպքում ակցիզային հարկի վճարման կանոնը․ այն կկատարվի հարկային մարմիններին՝ ներմուծման օրվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

Նախագծով նաև փոփոխվում են արտարժույթով արտահայտված գործարքների հաշվառման կանոնները՝ հստակեցնելով փոխարժեքի կիրառման հետ կապված դրույթները, և բարելավվում են ինքնավար էներգաարտադրողների և կաթնամթերք արտադրող կազմակերպությունների համար գործող հարկային կարգավորումները։

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել հարկային համակարգի արդյունավետությունը, ապահովել ավելի հստակ և միասնական կիրառություն, նվազեցնել վարչարարական բարդությունները և ձևավորել ավելի կանխատեսելի ու արդար հարկային միջավայր տնտեսավարողների համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները