Ալեքսանդր Եսայանն ավարտել է տեխնոլոգիական համայնքի կարևորագույն կառույցներից մեկը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը գլխավորելու 11 տարիներն ու ՏՏ էկոհամակարգ նորարարություններ բերելու ղեկը հանձնում է նոր նախագահին։
Նրա խոսքով՝ ԱՏՁՄ-ն այս տարիների ընթացքում այնքան է աճել և արդեն այնպիսի հիմքերի վրա է, որ այլևս որևիցե դժվարություն չի կարող խանգարել նրա նպատակների իրագործմանը: «Կարելի է ասել՝ հանգիստ սրտով որոշել եմ փոխանցել պաշտոնը մեկ այլ մարդու»։
8 ընկերությամբ ստեղծված միությունն այսօր Հայաստանի և տարածաշրջանի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական իրադարձության՝ ԴիջիԹեքի կազմակերպիչն է, մշակում է ստարտափների ու ՏՏ ընկերությունների համար աջակցության ծրագրեր, գործակցում է պետական մարմինների հետ՝ նպաստելով ինովացիայի վրա հիմնված տնտեսության զարգացմանը։ Երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՀՏ ընկերությունների կողմից վճարվող հարկերի մոտ 70%-ը վճարում են ԱՏՁՄ-ին անդամակցող ընկերությունները։ ԱՏՁՄ-ն՝ փոխարկելի պարտքային գործիք թողարկելով, դարձավ արժեթղթերի շուկա դուրս եկած առաջին ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանում։ Ալեքսանդր Եսայանի՝ կառույցը գլխավորելու 11 տարիները ԱՏՁՄ-ն դարձրել են կայացած միություն, որ փոխել է երկրի տեխնոլոգիական դաշտն ու նորարարությունների մեկնարկ տվել։
Առաջնայինը համարել ընդհանուրի ու ՏՏ ոլորտի շահերը՝ այս սկզբունքը դրված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հիմքում։ Այժմ այն շարունակելու է ԱՏՁՄ նոր նախագահը։ Համաժողովի ընտրության արդյունքով միության նոր նախագահ ընտրվեց Արմեն Քոչարյանը՝ VOLO և Spark Work ընկերությունների, տեխնոլոգիական բազմաթիվ այլ նախաձեռնությունների հիմնադիր և ղեկավար։
Մանրամասները դիտե՛ք ռեպորտաժում












