ՀՀ աշխատաշուկա 2025. Կայունացման փուլ, ոլորտային տեղաշարժեր և նոր հմտությունների պահանջարկ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Staff.am-ի «Compass» վերլուծական ուղղության կողմից հրապարակված «ՀՀ Աշխատաշուկա 2025» համապարփակ զեկույցը հետաքրքիր բացահայտումներ է անում հայաստանյան աշխատաշուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ: Ի տարբերություն նախորդ տարիների կտրուկ տատանումների՝ 2025 թվականին շուկան դարձել է ավելի կանխատեսելի՝ արձագանքելով իրական գործառնական պահանջներին:

Որո՞նք են աշխատաշուկայի ամենաակտիվ ոլորտները

2025 թվականի տվյալներով աշխատաշուկան դարձել է ավելի դիվերսիֆիկացված: Թեև ֆինանսաբանկային և ապահովագրական ոլորտը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը՝ տալով աշխատանքի բոլոր հայտարարությունների 20.8%-ը, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը ցուցաբերել է վերականգնման զգալի նշաններ:

ՀՀ աշխատաշուկա 2025. Կայունացման փուլ, ոլորտային տեղաշարժեր և նոր հմտությունների պահանջարկ

Աշխատաշուկայի հնգյակն ըստ հավաքագրման ծավալների ունի հետևյալ պատկերը.

  1. Ֆինանսաբանկային և ապահովագրություն — 20.8%
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ — 20.2%
  3. Ծառայություններ — 9.9%
  4. Արտահանում, ներմուծում և առևտուր — 9.7%
  5. Արտադրություն և արդյունաբերություն — 9.2%

Ոչ-ՏՏ մասնագիտությունների կշիռն աստիճանաբար աճում է:

Ամենաակտիվ գործատուները

2025 թվականին հավաքագրման ծավալներով առաջատար եռյակում տեղի են ունեցել հետաքրքիր փոփոխություններ: SoftConstruct ընկերությունը շարունակում է գլխավորել ամենաակտիվ գործատուների ցանկը: Երկրորդ հորիզոնական է բարձրացել Ֆասթ բանկը՝ շրջանցելով Digitain-ին:

Բանկային համակարգի բարձր ակտիվությունը հաստատվում է նաև Ամերիաբանկի, Ակբա բանկի և Ինեկոբանկի համալրման ծավալների էական աճով: Մարզերում ամենաակտիվ գործատուների թվում են նաև հեռահաղորդակցության խոշոր օպերատորները՝ Տելեկոմ Արմենիան, Յուքոմը և Վիվան, ինչպես նաև արտադրության ոլորտից՝ Բեկոն Պրոդուկտը:

ՀՀ աշխատաշուկա 2025. Կայունացման փուլ, ոլորտային տեղաշարժեր և նոր հմտությունների պահանջարկ

Պահանջվող մասնագիտական գիտելիքներ և տեխնոլոգիաներ

Աշխատաշուկայի պահանջարկը 2025-ին որակական նոր փուլ է մտել, որտեղ մասնագիտական գիտելիքների կողքին կարևորվում է նաև այլ գործիքների տիրապետումը.

  • ՏՏ ոլորտ: Ամենապահանջված տեխնոլոգիան շարունակում է մնալ JavaScript-ը և դրա Framework-ները: Սակայն 2025-ի կարևորագույն միտումը Արհեստական Բանականության (ԱԲ) գործնական կիրառումն է: Առաջացել են նոր հաստիքներ, ինչպիսիք են Agentic AI Engineer, AI Artist և AI Designer: Գործատուներն ավելի հաճախ են պահանջում LangChain, OpenAI API և Prompt Engineering հմտություններ:
  • Ֆինանսական ոլորտ: Բացի բանկային գործի իմացությունից, առանցքային է MS Excel-ի խորացված տիրապետումը, ինչպես նաև ArmSoft և LSoft ծրագրային ապահովումների իմացությունը:
  • Առևտուր և Արտադրություն: Այս ոլորտներում գերիշխող է վաճառքի և սպասարկման կազմակերպման հմտությունը՝ պայմանավորված սպասարկման ցանցերի ընդլայնմամբ և կադրերի բարձր հոսունությամբ:

Փափուկ հմտությունների դերը

Զեկույցը փաստում է, որ գործատուները հավասարապես կարևորում են թե՛ կոշտ՝ նեղ մասնագիտական, թե՛ փափուկ հմտությունները։

Ամենապահանջված 5 փափուկ հմտություններն են.

  1. ժամանակի կառավարում — Պահանջվում է հայտարարությունների 7.1%-ում 
  2. թիմում աշխատելու ունակություն — 6.0% 
  3. մանրուքների նկատմամբ ուշադրություն — 5.5%
  4. խնդիրների լուծում — 5.3%
  5. բանակցային հմտություններ — 5.3%

2026 թվականի համար կանխատեսվում է ՏՏ ոլորտի աճի վերականգնում և աշխատաշուկայի որակական վերափոխում՝ պայմանավորված արհեստական բանականության գործնական կիրառմամբ ու նոր հմտությունների պահանջարկով: Տնտեսության աստիճանական դիվերսիֆիկացմանը զուգահեռ կպահպանվի աշխատավարձերի չափավոր աճը, իսկ Երևանը կշարունակի պահպանել իր դիրքը որպես երկրում հիմնական աշխատաշուկայի կենտրոն:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները