Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025թ. սեպտեմբերի շուկայական արդյունքները։
Պետական պարտատոմսերի շուկայում տեղաբաշխվել է շուրջ 43,2 մլրդ դրամի պարտատոմս, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 24,1%–ով։ Երկրորդային շուկայում իրականացվել է 74 գործարք՝ մոտ 20 մլրդ դրամ ծավալով, որը 488%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում նույնպես արձանագրվել է ակտիվություն․ առևտրի ծավալը կազմել է շուրջ 10 մլրդ դրամ, աճելով 176%–ով։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվել է 159 կորպորատիվ պարտատոմս, և կնքվել է 966 գործարք։
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է 1,5 մլրդ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 455 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ առևտրի ծավալը աճել է ավելի քան 2830%–ով, իսկ կապիտալիզացիան՝ 40,3%–ով։ Այս փոփոխությունը մասամբ կապված է կապիտալիզացիայի հաշվարկի նոր մեթոդաբանության կիրառմամբ, որն այժմ ներառում է նաև արտոնյալ բաժնետոմսերը։
Սեպտեմբերին իրականացվել է 57 ռեպո գործարք՝ ընդհանուր 6 մլրդ դրամ ծավալով։ Իսկ արտարժույթի հարթակում տեղի է ունեցել 1 գործարք՝ շուրջ 384 մլն դրամ ծավալով, որտեղ ԱՄՆ դոլարի փոխարժեքը տատանվել է 382.5–383.5 դրամ միջակայքում։