Քրաուդֆանդինգ ներդրումներ, փոխարկելի փոխառություն, ՍԵՅՖ՝ սրանք ներդրումային այլընտրանքային գործիքներ են, որոնց շնորհիվ փոխվում ու ընդլայնվում է ներդրումային միջավայրը։ Այս գործիքներն արդեն իսկ գործում են Հայաստանում և ամրագրված են օրենսդրությամբ՝ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի և կառավարության գործակցության շնորհիվ։ Հայաստանի ներդրումային խորհուրդը Կոնգրես հյուրանոցում էր հավաքել ՏՏ ոլորտի մոտ 100 կազմակերպության՝ ծանոթացնելու ներդրումային այլընտրանքային միջոցներին։
Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։ Իրենց խոսքում` ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ու Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպանը ընդգծեցին այս գործիքների կարևորությունը՝ ներդրումային միջավայրի զարգացման գործում։ Ներդրումային այլընտրանքային գործիքներն արդեն տալիս են իրենց արդյունքները։ Հանդիպման ժամանակ ներկայացվեց eqwefy քրաուդֆանդինգ ներդրումների հայկական հարթակը, որը հնարավորություն է տալիս ցանկացած մարդու կատարել 10 հազար դրամից սկսած ներդրումներ հեռանկարային ստարտափներում։
Հարթակն արդեն ունի 2 հաջողված փորձ՝ Rblox և Tactun ստարտափները հավաքել են սպասվածից երկու անգամ ավելի ներդրում։ Eqwefy-ի նպատակներից մեկն է նաև փոխել հանրության սպառողական մտածողությունը և ձևավորել ներդրումային մշակույթ։ Այժմ ներդրողների մեծամասնությունը Սփյուռքից են։
2B բիզնես աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Վլադիմիր Շատվերովը ներկաների հետ անցկացրեց սիմուլյացիոն խաղ՝ գործնականում հասկանալու համար, թե ինչպես են աշխատում այլընտրանքային ներդրումային գործիքները, և ինչպես են բաժնետոմսերը բաշխվում ներդրողների միջև։
Միջոցառման վերջին հատվածում«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան Արամ Խաչատրյանը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիաների ոլորտում նախատեսված նոր փոփոխությունները: Քննարկվեցին ու փորձեցին քարտեզագրել օրենդրական խնդիրները, որոնց բախվում են ՏՏ ընկերությունները։ Այլընտրանքային ներդրումային գործիքների կիրառումն այսօր նոր հնարավորություններ է բացում Հայաստանի բիզնես միջավայրի համար, նաև ձևավորում է ներդրումային նոր մշակույթ։ Հայաստանի ներդրումային խորհուրդը շարունակելու է խթանել մասնավոր-պետական երկխոսությունը, ու նպաստել նոր բարեփոխումների։
Կարդացե՛ք նաև՝