Օգոստոսի 20-ին կայացավ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջի (ACT College) պաշտոնական բացման արարողությունը։ Նորաստեղծ կրթական հաստատությունը գործում է միավորելով արվեստն ու տեխնոլոգիան մեկ հարթակում։
ACT Քոլեջի առաքելությունն է ձևավորել նոր սերունդ՝ պատրաստ ապագայի պահանջներին ու մարտահրավերներին՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում։ Ուսանողները ստանում են գործնական գիտելիքներ և կիրառական փորձ՝ կառուցելով իրենց մասնագիտական ուղին ինովացիայի և ստեղծարարության հիմքի վրա։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաև բարերարներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ ու տեղական համայնքի ղեկավարներ։

ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը ներկայացրեց Քոլեջի առաքելությունը և ուսումնական մոտեցումները՝ շեշտադրելով ուսանողակենտրոն կրթությունը և պրակտիկ հմտությունների ձևավորումը։
ACT Քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց կրթական գաղափարի ձևավորման ուղին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը մարզային զարգացման և կրթական նոր մոդելների ներդրման համատեքստում։
Տիգրան Ալթունը, բարերարների ընտանիքի ներկայացուցիչը, խոսեց բարերարների նվիրումի մասին՝ որպես վստահ ներդրում Հայաստանի երիտասարդության ապագայի մեջ։
Բագրատ Սարգսյանը, Հայ Օգնության Ֆոնդի տնօրենը, իր խոսքում կարևորեց նման կրթական կենտրոնների նշանակությունը՝ որպես համայնքային առաջընթացի շարժիչ ուժ։
Միջոցառումը հագեցած էր բովանդակային և մշակութային շեշտադրումներով՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Կարճյան) հանդես եկավ հատուկ համերգային ծրագրով՝ ընդգծելով կրթության և մշակույթի ներդաշնակությունը։ Ներկայացվեց «Փոփոխություն» տեսահոլովակը՝ Քոլեջի տեսլականը, առաքելությունն ու արժեքները ներկայացնող նյութ։
Ներկաները ծանոթացան ուսանողների առաջին սերնդի ներկայացուցիչներին։
Տեղի ունեցավ կարմիր ժապավենի կտրման արարողությունը և շրջայց՝ Քոլեջի տարածքում՝ լաբորատորիաներ, արվեստանոցներ, ստեղծարար սենյակներ։
ACT Քոլեջը մասնագիտացում է առաջարկում երեք արդիական ուղղություններով․
- Թվային արվեստ
- Համակարգչային գիտություն
- Ինժեներություն և արտադրություն
Ուսումնական միջավայրը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, սարքավորումներով, լաբորատորիաներով և ստեղծարար տարածքներով՝ նպաստելով ուսանողների նախաձեռնողականությանն ու ինքնադրսևորմանը։
Քոլեջը գործում է «Գյումրու ՏՏ Կենտրոն» հիմնադրամի կառավարման ներքո, կյանքի է կոչվել Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ և նվիրված բարերարների աջակցությամբ։
