Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից Արդշինբանկը, Times of Malta-ի հաղորդմամբ, հայտ է ներկայացրել՝ ձեռք բերելու Մալթայի HSBC բանկը։ Գործարքի հաստատման դեպքում Արդշինբանկը կարող է դառնալ Մալթայի ֆինանսական համակարգի 20% մասնաբաժին ունեցող խոշորագույն օտարերկրյա խաղացողներից մեկը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Մալթայի HSBC-ի համար պայքարում է նաև մեկ այլ արևելաեվրոպական բանկ, սակայն նրա անունը դեռևս չի հրապարակվել։ Հիշեցնենք, որ Արդշինբանկն արդեն անցյալ տարի ձեռք էր բերել HSBC-ի հայաստանյան բանկը՝ դառնալով շուկայում ամենամեծ շահույթ գրանցող բանկը։ 2024 թվականին Արդշինբանկի շահույթը գերազանցել է $344 միլիոնը։
Գործարքի հաստատման համար անհրաժեշտ է HSBC գլխավոր գրասենյակի, Մալթայի ֆինանսական վերահսկող մարմինների և Եվրոպական կենտրոնական բանկի հավանությունը։ Թեև HSBC Հայաստանի ձեռքբերման գործընթացն անցել էր առանց խոչընդոտների՝ այս անգամ որոշ մտահոգություններ կան՝ կապված բանկի սեփականատեր Կարեն Սաֆարյանի՝ Ռուսաստանի հետ անցյալում ունեցած կապերի հետ։ Նա, ըստ աղբյուրների, ունեցել է բիզնեսներ և ղեկավար պաշտոններ ռուսական ռազմարդյունաբերական ոլորտում։
Արդշինբանկը դեռևս հայտարարություններ չի արել գործարքի վերաբերյալ։